«Վնասազերծվել է խումբ, որն ունեցել է հստակ նպատակներ, մշակված ծրագրեր: Ընտրված են եղել հանցագործության թիրախներն ու կատարման եղանակները: Նրանց կազմակերպված հանցագործությունները միտված են եղել քաղաքացիների, պետական, քաղաքական անձանց, իշխանության առանձին ճյուղերի ու պետական առանձին մարմինների դեմ:
Արարքները հրեշավոր որակելու հետ կապված ուզում եմ տեղեկացնել, որ մենք հանրության անդամներն ենք, ու եթե դուք տեղեկանաք ծրագրավորված հանցագործությունների մանրամասնություններին, ապա նույն գնահատականը կտաք»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը։
ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալի փոխանցմամբ՝ խմբի անդամներին բաժանվել են հեռախոսահամարներ, որոնք գաղտնի են եղել, և նրանք կարողացել են խոսել միմյանց հետ.
«Խումբը ֆինանսավորվել է տասնյակ հազարավոր դոլարներով: Գումարները տրվել են Հայաստանում, իսկ աղբյուրներն այս պահիին պարզվում են»,նշեց Միքայել Համբարձումյանը:
Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, այն է, թե հանցավոր խմբի անդամները կապ են ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, Միքայել Համբարձումյանն ասաց, որ ներկա դրությամբ հայտնի է, որ հանցավոր խմբավորման անդամներից մեկը` Արթուր Վարդանյանը, եղել է Սիրիայի տարածքում և այժմ այդ վարկածը քննության է առնվել.
«Արթուր Վարդանյանը Հայաստանից մեկնել է, բնակություն է հաստատել Իսպանիայում, ու որոշակի ժամանակահատված հետո վերադարձել է Հայաստան: Ապրիլից հետո գտնվելով ՀՀ-ում` սկսել է ձևավորման պրոցեսը ու այդ ժամանակից սկսած խումբը հայտնվել է ԱԱԾ տեսադաշտում և վերցվել է հսկողության: Այժմ համապատասխան հարցումներ և աշխատանք է կատարվում՝ պարզելու, թե արդյո՞ք կապ ունեն ԻՊ-ի հետ, թե՝ ոչ»,-նշեց Միքայել Համբարձումյանը:
Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի կողմից քաղաքացուն պատճառած վնասին՝ Միքայել Համբարձումյանն ասաց. «Այդ ուղղությամբ կատարվում են համապատասպան գործողություններ, վնասի չափը հաշվարկվում է ու քաղաքացու գումարի հատուցման հարցը լուծում է ստանալու համապատասխան ընթացակարգի միջոցով»:
ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալի հաղորդմամբ՝ այս պահին ձերբակալվածների թիվը 21-ն է։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որի նպատակն է եղել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:
Հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: