Այսօր կեսօրին Գյումրիում՝ 102-րդ ռուսական ռազմակայանի տարածքում, մեկնարկած Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատական առաջին նիստը հետաձգվեց մինչև 2016 թվականի հունվարի 18-ը, ինչը առաջացրեց Ավետիսյանների հարազատների վրդովվմունքը:
«Ապահովված դահլիճ չտեսանք, պայմաններ ստեղծված չէին, որպեսզի փասատաբաններն աշխատեին: Մի կերպ տեղավորվեցինք, հետո՝ դատախազը մինչև վերջ չցանկացավ լսել փասատաբանների ներկայացրած միջնորդությունները: Արդյունքում ոչ մի բան էլ տեղի չունեցավ: Ավելին, փաստաբաններին նախքան դատական նիստը սկսելը թույլ չէին տալիս մեքենայով մոտենալ ռազմաբազային ու արդեն ցանկանում էին հայտարարել, թե փասատբանները բացակայում են»,-լրագրողների հետ զրույցում ասաց տիկին Ռիման:
Իսկ, թե ինչո՞ւ են ռազմաբազայում իրականացնում դատավարությունը՝ նկատեց.
«Դե վախենում են Պերմյակովի կյանքի համար: Ինչ որ հրամայել են ռուսները, այն էլ կատարում են: Ինչո՞ւ մենք պետք է գանք ռուսական ռազմաբազայի դուռը.գերի՞ ենք: Գան ընտանիքիս ոչնչացնեն, մենք էլ խնդրենք, որ հերթագրեն՝ ներս մտնելու համա՞ր: Լրիվ ներկայացում է»:
Անի Կարապետյան