▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բժիշկը կեսարյան հատում անելու ժամանակ չի ունեցել. Արտաշատ ԲԿ-ի տնօրենը՝ նորածնի մահվան մասին

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ՝ փետրվարի 7ին, Երևանի Մուրացանի հիվանդանոցում մահացել է Արտաշատ քաղաքի բնակիչներ Սիմա Եփրեմյանի ու Մակար Անտոնյանի նորածին երեխան: Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ 30-ամյա ծննդկան Սիմա Եփրեմյանը հղիության ողջ ընթացքում որևէ խնդիր չի ունեցել, ավելին՝  կեսարյան հատման ցուցում նա չի ունեցել:

«Պտղի տոտիկային դիրքը դեռևս չի նշանակում, որ ծննդկանին պետք է կեսարյան հատում արվեր: Կինը հղիության ողջ ընթացքը շատ նորմալ է տարել, որևէ խնդիր չի եղել, բոլոր հետազոտությունները արվել են ժամանակին: Սա կնոջ 3-րդ ծննդաբերությունն է, նախորդ երկուսի դեպքում նա բնական ճանապարհով է ծննդաբերել: Ամուսինները 2 դուստր ունեն, որոնցից մեկը ծնվել է 2կգ 700 գրամ, մյուսը՝ 2կգ 800 գրամ: Այս անգամ էլ կեսարյան հատման ցուցում չկար, պտուղն էլ 2 կգ 600 գրամ է եղել»,-մեզ հետ զրույցի ընթացքում ասաց Վարդան Հովհաննիսյանը: Վերջինս հաստատեց, որ ծննդաբերությունն իսկապես ծանր է եղել, սակայն դա կապված չէ բժշկի՝ իր բժշկական պարտականությունները չկատարելու կամ մասնագիտական հմտությունների պակասի հետ:

«Բժշկուհին հերթական կոնսուլտացիայի ժամանակ որևէ բարդություն չի նկատել, կնոջն ուղարկել է տուն՝ ասելով, որ եթե ցավեր ունոնա, անմիջապես հիվանդանոց բերեն կնոջը, իսկ եթե 3 օրվա ընթացքում ցավեր չառաջանան, պետք է անպայման դիմել բժշկի»,- պարզաբանեց տնօրենը՝ հավելելով, որ բժիշկը կեսարյան հատում անելու ժամանակ չի ունեցել, նա փորձել է արագ ծննդալուծում անել:

«Ամեն դեպքում երեխային մեծ դժվարությամբ են հանել: Ծնունդը դժվար է ընթացել, դա էլ կարող է պատճառ լինել, պտուղը վնասվեր: Ամեն դեպքում ծնվելուց հետո ճիշտ են գնահատել իրավիճակը, միանգամից տեղափոխել են Երեւան, ընթացքում էլ հետևել են ընթացքին»,- նշեց Վարդան Հովհաննիսյանը: Վերջինիս խոսքով՝ նորածնի մահվան պատճառը հայտնի կլինի միայն փորձաքննությունից հետո:

Այնուամենայնիվ, հիվանդանոցի տնօրենը չբացառեց, որ եթե ծննդատան բաժնի վարիչը, որն այդ օրը մայրաքաղաքում սեմինարի էր մասնակցում, ծնարանում լիներ, միգուցե նա այլ տարբերակ առաջարկեր:

«Բարդ ծննդաբերություն է եղել, բժիշկն ամեն ինչ արել է մոր ու երեխայի կյանքը փրկելու համար: Հասկանում եմ ծնողների վիշտը, քանի որ ամուսիններն արդեն 2 դուստր ունեին, իսկ մահացած պտուղը տղա երեխա էր: Ես ինքս արդեն պայմանավորվել եմ  հանդիպել ծնողների հետ»,-Asekose.am-ի հետ զրույցը եզրափակեց Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ 30-ամյա Սիմա Եփրեմյանը ծննդաբերել է 2016թ. հունվարի 30-ին: Երեխային նույն օրը տեղափոխվել է Երևան, իսկ 7 օր անց մահացել: Ամուսինները պնդում են, որ նորածին տղան մահացել է Արտաշատի բժիշկների մեղքով: Ծնողները հաղորդում են ներկայացրել ոստիկանություն:

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին