sputnik.co.am-ը գրում է. Վրացի գործարար Թեմուր Չկոնիան պատրաստվում է Հայաստանում բացել McDonald's ռեստորանների ցանց։ Այդ մասին Չկոնիան հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում
Հազիվ թե գտնվի մի մարդ, ով չի լսել McDonald's-ի մասին. չէ՞ որ «ֆասթ ֆուդի» կպչուն գովազդը ծանոթ է մոլորակի գրեթե բոլոր մարդկանց։ Հնարավոր է, որ մոտ ապագայում այդ ուտելիքի սիրահարներն այն գտնեն Հայաստանում։
Այս տարվա ապրիլին Օռլանդոյում (ԱՄՆ, Ֆլորիդա նահանգ) տեղի կունենա McDonald's ընկերության ներկայացուցիչների մեծ հանդիպում, որի ընթացքում կորոշվի արագ սննդի ամենատարածված ռեստորանը Հայաստանում բացել-չբացելու հարցը։
«Կարծում եմ, որ հարցը կլուծվի Հայաստանում McDonald's բացելու օգտին։ Առաջին հերթին շատերը Հայաստանից գալիս են Թբիլիսիի McDonald's, այսինքն` դա պահանջված ֆասթ ֆուդ է հայ բնակչության շրջանում, երկրորդ` ռեստորան կարելի է բացել անգամ 150 հազարից քիչ բնակչություն ունեցող քաղաքներում»,- հայտարարեց Չկոնիան։
Վրացի գործարարի խոսքով` առաջին McDonald's-ը կբացվի Երևանում։ Միաժամանակ հաստատությունը պետք է համապատասխանի բոլոր չափանիշներին` ինչպես սննդային, այնպես էլ ճարտարապետական։ Ռեստորանը պետք է ներդաշնակ լինի քաղաքին։
Մեկ McDonald's կառուցելու համար անհրաժեշտ է 1500 քմ տարածք, ինչպես նաև հարմար վայր։
«Այդ նախագիծը նշանակալի է Երևանի համար։ Մայրաքաղաքից հետո մենք նախատեսում ենք McDonald's բացել Հայաստանի այլ քաղաքներում։ Մեր տվյալներով` ձեր երկրի տարածքում կարելի է կառուցել ցանցի 8 ռեստորան։ Հաշվի առնելով նախագծի մասշտաբը` աշխատանքի կտեղավորվի մինչև 30 տարեկան շուրջ 1000 մարդ։ Նրանք բարձրակարգ թրեյնինգներ անցնելու հնարավորություն կունենան»,- հավելեց Չկոնիան։
Վրացի գործարարը նշեց նաև, որ ռեստորանների ցանց բացելուց բացի ծրագրերի մեջ է նաև Հայաստանի գյուղատնտեսության զարգացումը։ Չկոնիայի խոսքով` հայկական McDonald's-ում պետք է օգտագործվի տեղական արտադրության մթերք։ Նա նաև հավելեց, որ դա լուրջ ներդրում կլինի Հայաստանի տնտեսության մեջ։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում