Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի-կոլա Բոթլեր ՍՊԸ գլխավոր տնօրեն
Արշավիր Մինասարյանին
Էյ-Բի-Սի-Անի ՍՊԸ տնօրեն Արա Խաչատրյանից
Բաց Նամակ
Հարգարժան պարոն Մինասարյան,
Օրերս ինձ անսպասելի հրավիրեցին կառավարությանը առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի բաժին`պահանջելով վճարել իբր Ձեր կազմակերպության մատակարարած ապրանքների գնման մի քանի տարիների ավելացված արժեքի հարկը: Պարզվեց, որ 2011 թ-ից մինչ 2015 թ. հոկտեմբեր ամիսը ներառյալ Ձեր ընկերության կողմից պարբերաբար դուրս են գրվել ապրանքների մատակարարման հաշիվ ապրանքագրեր, որով իբր Ձեր ընկերությունը ապրանք է մատակարարել ք. Երևան Դ.Վարուժանի 13/7 հասցեյում գտնվող մանրածախ առևտրի կետ: Սակայն սա իրականության հետ ոչ մի կապ չունի: Հաշիվ ապրանքագրերում, ինչպես նաև դրանց կից լիազորագրերում առկա բոլոր ստորագրությունները կեղծ են, և բնականաբար բացակայում է նաև Էյ-Բի-Սի-Անի ՍՊԸ -ի կնիքը:
Հանկարածակիի գալով նման ակնհայտ խարդախությունից`որոշեցի անմիջապես Ձեր ընկերությունից պարզել, թե ինչպես են դուրս գրվել ակնհայտ կեղծ ապրանքագրերը, որոնց պատճառով բավականին լուրջ հարկային պարտավորություններ են դրվել ինձ վրա: Իմ արդարացի հարցին Ձեր ընկերության վաճառքի տնօրենը շատ զարմանալի ու վրդովեցուցիչ պատասխան տվեց`ըստ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ...
Ձեր կազմակերպության վարկանիշին ոչ հարիր նման պատասխան լսելուց հետո ինձ այլ բան չի մնում, քան խնդրել, որ ողջամիտ ժամկետներում ու հրապարակային տաք հետևյալ հարցերի պատասխանները .
- Ինչ՞ սկզբունքներով են Ձեր կազմակերպությունը մատակարարում ապրանքները, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել ՍՊԸ ի տնօրինության կողմից , որպեսզի կազմվի և ապրանքի հետ տրվի հաշիվ ապրանքագրերը (կանխիկ առևտրի դեպքում):
- Ձեր կազմակերպության կանոնադրության ո՞ր կետի կամ ՀՀ օրենսդրության ո՞ր հոդվածի հիման վրա են ներկայացվել կեղծ ստորագրությունով և առանց մեր կազմակերպության կնիքի մեր կազամակերպության անունից տրված լիազորագրերը ու ինչպե՞ս է նման հեղինակություն ունեցող կազմակերպությունը չկնքված անօրինական փաստաթղթերով գործարք անում:
- Տեղյա՞կ եք արդյոք դուք նշված դեպքի վերաբերյալ: Եթե տեղյակ եք, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել ստորագրության կեղծման քայլերի մասին իրավապահ մարմիններին տեղյակ պահելու ուղղությամբ նման անօրինական քայլերի կրկնությունը կանխելու նպատակով:
Հարգարժան պարոն Մինասարյան, սույն նամակի հրապարակային բաց ֆորմատը ակնկալում է նույն կերպ հրապարակային բաց պատասխան:
Ձեզ անձամբ ծանոթ լինելով` վստահ եմ, որ Դուք ջանք չեք խնայելու նման խայտառակ երևույթը ամբողջապես բացահայտելու ու մեղավորներին պատժելու ուղղությամբ, քանի որ այն առաջին հերթին հարվածում է Ձեր կազմակերպության հեղինակությանը:
Շնորհակալ եմ ուշադրության համար:
Էյ-Բի-Սի-Անի ՍՊԸ տնօրենՙ` Արա Խաչատրյան