1in.am-ը գրում է.
Ապրիլի 2-ի պատերազմական գործողություններից հետո շուրջ 10 օր տեղեկություն չկա 23-ամյա կապիտան, վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանից: ՊՆ մամուլի խոսնակից ճշտեցինք, որ նրա ճակատագիրը մինչ այժմ անհայտ է: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով կատարվում են համապատասխան հարցումներ, սակայն Ադրբեջանը հայտարարում է, որ հայկական կողմից գերիներ չունի:
23-ամյա կապիտանը Շիրակի մարզի Արթիկի շրջանի Մեծ Մանթաշ գյուղից է: Գյուղապետ Ստյոպա Չոբանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արգիշտիի հայրը՝ Սլավիկ Գաբոյանը, պայմանագրային զինծառայող է, այժմ Թալիշում փնտրում է տղային:
«Ապրիլի 2-ի դեպքերի ժամանակ տղան մտել է մարտական գործողությունների մեջ, բաժանվել են իրարից ու մինչև հիմա լուր չկա նրանից: Ամսի 2-ից հետո իրեն փնտրում են, չեն գտնում»,- ասաց գյուղապետը:
23-ամյա Արգիշտին ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը և, չնայած երիտասարդ տարիքին, արդեն կապիտան է ու վաշտի հրամանատար: Չնայած հայր ու որդի ծառայում էին Արցախում, նրանց ընտանիքը Մեծ Մանթաշ գյուղում է ապրում: Արգիշտի Գաբոյանը տանը փոքր եղբայր ունի, մայր, քույրն ամուսնացած է:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում