▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Brain–Ring` ԿԲ-ի և ՀՊՆ-ի համատեղ նախաձեռնությամբ

Արդեն յոթերորդ տարին է, ինչ ավագ դպրոցում հասարակագիտության բաղադրիչ կազմող «Տնտեսագիտություն» առարկայի շրջանակներում կազմակերպվող «Brain-Ring»  մրցույթի եզրափակիչ փուլն անց է կացվում ՀՀ Կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումեր» կազմակերպության համատեղ ջանքերով:   Այս տարի մրցույթն անցվեց «Իմ Ֆինանսների Ամիս» լայնածավալ միջոցառումների ծրագրի շրջանակներում, որի նպատակն է հանրության շրջանում կարևորել ֆինանսական գիտելիքների և ունակությունների զարգացումը, ինչպես նաև անձնական ֆինանսների արդյունավետ կառավարումը: 

«Brain-Ring» ավանդական դարձած մրցույթը «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության  կրթական ծրագրերի շրջանակներում կազմակերպվող  ամենամյա մրցույթների շարք է, որի նպատակը ավագ դպրոցի աշակերտների ֆինանսական և տնտեսագիտական գիտելիքների և հմտությունների խորացումը, ինչպես նաև արագ և ճկուն մտածելու կարողությունը և ունակությունը զարգացնելն է:

Մրցույթն իրականացվում է մի քանի փուլով. նախնական փուլերը կազմակերպվում են մարզերում, և յուրաքանչյուր մարզի հաղթած թիմը, որը բաղկացած է հինգ աշակերտից, հնարավորություն է ստանում մասնակցելու  Երևանում կազմակերպվող կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերին:

Եզրափակիչ փուլ էին դուրս եկել հետևյալ թիմերը. Երևանի հավաքական (Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ, Անանիա Շիրակացու անվան ճեմարան), Տավուշի մարզի Կողբի թիվ 2 դպրոցի, Սյունիքի մարզի թիվ 1 դպրոցի, Շիրակի մարզի Ազատանի դպրոցի, Կոտայքի մարզի հավաքական (Արամուսի և Աբովյանի թիվ 10 դպրոցներ), Արմավիրի մարզի Պտղունքի միջնակարգ դպրոցի, Լոռու մարզի Տարածրջանային պետական քոլեջի, Արագածոտնի մարզի Ագարակի միջնակարգ դպրոցի, Արարատի մարզի Արարատի պետական քոլեջի, Գեղարքունիքի մարզի հավաքական (Ծովինարի, Լճավանի Ախպրաձորի դպրոցներ), Վայոց ձորի հավաքական (Եղեգնաձորի թիվ 1 և թիվ 2 դպրոցներ) թիմերը:

Մարզային  փուլերում հաղթած հենց այդ  թիմերն էլ եզրափակիչ փուլում մրցեցին միմյանց հետ: Առողջ և համառ պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց  Արարատի մարզի Արարատ քաղաքի պետական քոլեջի   թիմը: Մրցույթի ընթացքում Կենտրոնական բանկի կողմից թիմերին առաջադրվեցին տնտեսագիտական խնդիրներ, վարժություններ,  ինչպես նաև տեսական հարցեր:  Մրցող թիմերի պատասխանները գնահատելիս հանձնաժողովը  կարևորում էր ոչ միայն ճիշտ պատասխանը, այլ նաև նորարարական մտածողությունը, հետաքրքիր և համոզիչ մեկնաբանություններն ու  թիմային աշխատանքը:

Մրցույթին մասնակցած թիմերը Կենտրոնական բանկի կողմից պարգևատրվեցին հատուկ մրցանակներով և վկայագրերով, իսկ հաղթող թիմը վաստակեց ամռանը «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության ճամբարում մեկշաբաթյա հանգիստ անցկացնելու իրավունք:

Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության նպատակն է երիտասարդ սերնդին  հաղորդել տնտեսագիտական հիմնարար գիտելիքներ, նրանց ծանոթացնել շուկայական տնտեսության սկզբունքներին, զինել անհրաժեշտ ձեռնարկատիրական և ֆինանսական հմտություններով և կարողություններով:  Կազմակերպությունը նաև հատուկ ուշադրություն է դարձնում երիտասարդների  շրջանում նորարարական և ստեղծագործական մտածելակերպի զարգացմանը: Կազմակերպության առաքելությունն է`  Հայաստանի Հանրապետության երիտասարդների  շրջանում հավատ սերմանել սեփական ուժերի և վաղվա օրվա նկատմամբ:

Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության ծրագրերը  ֆինանսավորվում են JHM բարեգործական հիմնադրամի և HSBC բանկի կողմից: Մանրամասն տեղեկությունների համար այցելեք կազմակերպության վեբ – կայք` www.jaarmenia.org:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին