▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ակնկալում էին՝ գումարով դիպլոմ ձեռք բերեի. Բրյուսովից հեռացված ուսանողուհու մայրը մանրամասնում է

Համացանցում տեղեկություն է շրջանառվում ըստ որի՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվա-հասարակագիտական համալսարանից ուսանողուհի է հեռացվել` անհիմն պատճառներով ու առանց զգուշացման: 

Ուսանողուհու մայրը` Մարգարիտա Դավթյանն Asekose.am-ի հետ զրուցել է այս թեմայով և մանրամասներ տրամադրել.

«Աղջիկս սովորում է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվա-հասարակագիտական համալսարանի 3-րդ կուրսում: Նա դիմել էր Մարսելի «Ջաֆ» կազմակերպություններից մեկին`անվճար դասընթացներ անցնելու համար, և կարճ ժամանակ անց նրա դիմումն ընդունվել էր: Երկար բանակցություններից հետո մենք դիմեցինք համալսարան`  6 ամսով դասերից բացակայելու թույլտվություն ստանալու համար: Մենք չէինք ցանկանում, որ մի ոլորտի կրթությունը խանգարեր մյուսին: Այսպիսով, երբ նա վերադառնար Մարսելից, կկարողանար շարունակել ուսումը:

Դիմեցինք դեկանին` Իռենա Մադոյանին, ով տվեց մեզ այդ հնարավորությունը: Աղջկաս տվեցին տեղեկանք, որում նշվում էր, որ աղջիկս կարող է 6 ամսով բացակայել համալսարանից, իսկ վերադառնոլւց հետո՝ լրացնել բոլոր բաց թողնված դասերը: Նրանք մեզ խոստացել էին, որ երբ աղջիկս մայիսին վերադառնա, նրան թույլ կտան մասնակցել քննություններին: ԲՈՒՀ-ը մեզ փաստի առաջ է կանգնեցրել: Նրանք լավ գիտեն, որ իմ աղջիկը չի ունեցել լուծարումներ, բացակայություններ, որոնք կարող էին նրան՝ համալսարանից հեռացնելու պատճառ հանդիսանալ:

Համալսարանը պարզաբանում է, թե ուսանողուհին պետք է դիմեր ռեկտորատ և միայն այնտեղից ստանար թույլտվություն, այնինչ դեկանն այդ պատասխանատվությունը վերցրել էր իր վրա:

Հայտարարության մեջ նշվում է, որ ես հանդիպում եմ ունեցել նրանց հետ և տեղյակ եմ եղել իրողությունից: Սակայն դա չի համապատասխանում իրականությանը. ես այս ամենի մասին տեղեկացել եմ միայն երեխայիս հեռացումից հետո: Ես՝ որպես ծնող, պետք է ամիսներ առաջ տեղեկացվեի, որ իմ երեխայի՝հեռացվելու թեման է շրջանառվում տվյալ համալսարանում: Նրանք ժամանակին մեկ այլ բան են ինձ ասել , իսկ  այսօրվա հաղորդագրության մեջ բոլորովին այլ բան են նշել»:

Մարգարիտա Դավթյանը տեղեկացրեց նաև, որ ամեն ինչ անելու է դստեր ուսումը վերականգնելու համար.

«Ես շատ լավ գիտեմ, թե ինչ է կտարվում տվյալ ԲՈՒՀ-ի ներսում, գիտեմ թե ինչ էին ակնկալում ու ինչ չստացան: Երևի ես էլ մյուսների պես պետք է կանխիկ գումարով և ոչ օրինական ճանապարհով ձեռք բերեի դիպլոմը: Ես հայտարարում եմ, որ դիմելու եմ դատարան ու իմ երեխայի կրթությունը վերականգնվելու է»:

Տեղեկացնենք նաև, որ վերոնիշյալ համալսարանից չեն ցանկացել որևէ մեկնաբանություն տալ, երբ մենք փորձել ենք ճշտել տեղեկությունը:

Հեղինակ՝ Ատոմ Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին