Newsbook.am-ը գրում է.
Հայաստանում կա անհրաժեշտ գիտական ներուժ՝ ռազմական արդյունաբերությունը զարգացնելու համար: NewsBook-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ հակադարձելով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին, ով armtimes.com-ի հետ զրույցում ասել էր, թե Հայաստանը չի կարող արտահանել իր զենքը, քանի որ միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է և ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ:
Վարդանյանը հիշեցրեց, որ 1200 հայ ինժիներներ միշտ արտադրանք են տալիս, որովհետև եթե չտան, նրանց աշխատավարձ չեն տա:
«Հարցը` արդյո՞ք ՀՀ-ն ունի գիտական ներուժ, թե` ոչ, արդեն իսկ իր մեջ թերարժեքության բարդույթ է պարունակում: Ով որ ասում է, թե չունի, ապուշություն է ասում, Ռադիկն է ասողն, այլ մեկն է, կապ չունի, միևնույն է, հիմարություն է ասում, որովհետև որևէ խոչընդոտ` զենքի արտադրության ու արտահանման, մենք չունենք, առավել ևս, որ անում ենք՝ առանց իր ասելու: Անպայման չէ զենքը կրակող լինի, երբ որ երկու արբանյակի մեջ կապի միջոց ես արտադրում, դա ևս զենք է: Հիմա Ռադիկ Մարտիրոսյանը պետք է գնա թոշակի, նրա արտահայտությունը ցույց է տալիս, որ ինքը հնացած է ու այս ազգի մեջ թերարժեքություն է մտցնում, ինչքան շուտ գնա թոշակի, այնքան օգտակար կլինի հայ ազգին»,- ասաց Վարդանյանը:
Վերջինիս համոզմամբ՝ այս պահին Հայաստանում զենքի արտադրությանը զարկ տալու համար պետք է տարվեն նախապատրաստական աշխատանքներ, քանի որ ինժիներական պոտենցիալի հետ կապված շեշտակի խնդիրներ չկան:
Նրա գնահատմամբ՝ պարզապես պետք է ներուժը համապատասխան ուղղության վրա դնել:
Կազմակերպչական աշխատանքների ժամանակն է, այսինքն՝ ներուժը պետք է ճիշտ ուղղությամբ ուղղորդել, քանի որ այս պահին այն ուղղված է բիզնեսին, իսկ մարդիկ աշխատում են ամենալավ երկրներում ու առաջատար ընկերություններում: Պետք է պետություն և մասնավոր սեկտոր համագործակցություն լինի, որպեսզի այդ մասնագետները ճիշտ ռեալիզացնեն իրենց»,- ընդգծեց նա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում