1in.am-ը գրում է. ԱԺ արտահերթ նիստին քննարկվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նախագծով առաջարկվում է համակարգի լիարժեք կիրառումը հետաձգել մինչեւ 2018 հուլիսի մեկ: Համակարգն այս պահին գործում է միայն պետական աշխատողների համար, իսկ մասնավորի համար այն պետք է ուժի մեջ մտներ 2017թ.: Նախագիծը ներկայացնող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատճառաբանեց, որ հետաձգումը պայմանավորված է «Հարկային» նոր օրենսգրքի ընդունմամբ, որի ժամանակ պետք է տեղի ունենան մի շարք համատեղումներ:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս նախագիծը պայմանավորված է 2017թ. նախընտրական տարվա հետ: Անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին՝ Էդմոն Մարուքյանը նշեց. «Հարկային նոր օրենքով կուտակային կենսաթոշակային համակարգը փոխելո՞ւ ենք: Ստացվում է, որ խտրական վերաբերմունք կա՝ պետական հիմնարկներում աշխատող մարդկանցից գումարներ են պահվում, մասնավոր սեկտորի աշխատողներից չեն պահվում, ես կողղմնակից եմ, որ ոչ մեկից չպահվեն գումարներ, և երկրորդ՝ ինձնից պահված գումարներն ո՞ւր են, ֆոնդերո՞ւմ են, ի՞նչ ֆոնդեր են, որքան գիտեմ, ես նամակներ պիտի ստանայի, ծանուցվեի, թե որքան գումար կա, ես որևէ նամակ չեմ ստացել»: