Մայիսի 13-ին` ժամը 17:00-ից սկսած, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդը սկսել է տարբեր տրամաչափի ականանետերից արկակոծման ենթարկել ՊԲ մարտական հենակետերը: Հատկապես ինտենսիվ կրակոցներ են արձանագրվել առաջնային գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններում, որոնց ընթացքում հակառակորդը 82 միլիմետրանոց ականանետերից արձակել է 116 արկ:
Հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով 60 (53 արկ), 82 (142 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 (30 արկ) ու ՌՊԳ-7 (2 արկ) տիպի նռնականետեր և ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (30 կրակոց):
Հատկանշական է, որ հակառակորդը, իր սովորության համաձայն, շտապել է շփման գծում իրադրությունն ապակայունացնելու իր քայլերը բարդել ղարաբաղյան կողմի վրա, ինչը իրականությանը չի համապատասխանում:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանում են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում` թիրախ ընտրելով բացառապես հակառակորդի կրակակետերը:
Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային ծանր վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովհաննես Էդուարդի Պողոսյանը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն