Aravot.am-ը գրում է.
Այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը շատ կոպիտ արձագանքեց, երբ լրագրողները հարց ուղղեցին Արցախի հերոս հրամանատար Վահան Բադասյանի հայտարարության վերաբերյալ, որ գեներալ Մանվելը թալանով է զբաղված եղել, հերոս չէ, զենքը ձեռքին չի կռվել եւ այլն: Հիշեցնենք, որ Բադասյանը պատմել էր, թե ինչպես է գեներալ Մանվելը հայհոյել զինվորներին Հադրութում, երբ ճանապարհը նեղ է եղել ու չի կարողացել իր ողջ շքախմբով լայն ճանապարհով անցնել:
Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Պարոն Բադասյանին զգուշացրեք, որ իր արտահայտությունների մեջ ուշադիր լինի՝ Արցախի հերոսի նկատմամբ հայտարարություն անելուց: Ես խնդրում եմ լրագրողներիդ մեկ անգամ առիթ ունեցեք եւ ծանոթացեք գեներալ Գրիգորյանի ռեժիմին՝ այս ապրիլյան պատերազմից հետո: Առավոտից իրիկուն նրա քնելաժամը 3-4 ժամ է, հիմա ինքը երիտասարդացել է: Նման միջադեպ չի կարող եղած լինել: Երբ մարդիկ հայտարարություն են անում, պիտի պատասխանատվություն կրեն եւ իմանան, թե ում մասին են հայտարարություն անում»:
Նա հորդորեց ձեռնպահ մնալ. «Արդեն սկսում ենք այն մարդկանց, որոնք շատ պիտանի են, կարեւոր են այս իրավիճակի հետ կապված, արդեն սկսել ենք այդ մարդկանց էլ քննադատել, որպեսզի նրանց էլ նեղացնենք կամ էլ մի երեւույթ ստեղծեն, որ նրանց հետ կանչեն: Մանվել Գրիգորյանը նեղացող չէ: Նրա համար ամենաբարձր շահը իր երկրում խաղաղությունն է: Նա չի կարող որեւէ հայտարարությունից նեղանալ եւ վերադառնալ այստեղ, եթե որոշ մարդկանց ցանկությունը դա է»:
Ըստ Վահրամ Բաղդասարյանի, մարդիկ խոսում են նրանց մասին, ովքեր շատ են գործ անում. «Մի անտեսված մարդուն որտե՞ղ են քննադատում, ուժերի հետ են հաշվի նստում: Իսկ Մանվել Գրիգորյանը լուրջ ուժ է ներկայացնում թշնամու համար: Իսկ եթե այստեղ էլ մենք թշնամիներ ունենք, ուրեմն նրանց համար էլ է ուժ ներկայացնում: Հերոսը միշտ հերոս է լինում: Լռակյաց են անում հերոսները իրենց հերոսությունը: Գեներալ Գրիգորյանը ինչ անում է, ներկայացնում է ընդամենը դրա 10 տոկոսը, որի ականատեսն եմ եղել ես»: Դիտարկմանը, որ Առաքել Մովսիսյանին էլ էին ասում, բայց տեսանյութ հայտնվեց, թե ինչպես է ծխախոտ շպրտել զինվորների ուղղությամբ՝ Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց. «Սա նման է այն պատմությանը, որ կամավորականներ էին գնացել, եկան ասեցին՝ սրբիչը կեղտոտ էր: Դուք մի հատ խումբ ստեղծեք, ես կհոգամ, որ տեղ հասնեք եւ տեսնեք, թե Առաքել Մովսիսյանն այնտեղ ինչով է զբաղվում: Իսկ մնացածը, բոլորս մահկանացու ենք, կարող է այդ պատերազմական վիճակում ներվերը տեղի տա: Բայց ես նման դեպքի ականատես չեմ եղել»: Հարցին՝ Վահան Բադասյանը Սերժ Սարգսյանին դիմեց, հնարավո՞ր է պատասխանատվության կանչեք ամեն դեպքում՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Դուք էլ դիմեք»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում