▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այստեղ կյանք կա

Մեկնարկել է  «Արտ Ֆեստ» միջազգային երիտասարդական 4-րդ   փառատոնը, որը կրում է «Մեկ տանիքի ներքո» խորագիրը, նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին:

Երիտասարդ ստեղծագործողները ներկայացնում են  արվեստի հետևյալ ճյուղերը՝ կինոարվեստ, երգարվեստ, թատերական արվեստ, դիզայն, կերպարվեստ:

«ՀԱՅ  ԱՐՏ» մշակութային կենտրոնում այսօր հավաքվել էին կերպարվեստի ներկայացուցիչները: Նկարների, քանդակների կողքին նաև փոքրիկ երաժշտական գործիքներ էին, որոնց հեղինակը գյումրեցի Վալեր Նազարեթյանն է.

«Չգիտեմ, թե իմ աշխատանքները կերպարվեստի որ ճյուղին են պատկանում, գուցե մանրաքանդակ  է»,-կատակում է մասնակիցն ու պատմում.

«Այս արվեստով զբաղվում եմ 2 տարեկանից սկսած: Ինչ խաղալիք ցանկանում էի՝ պատրաստում էի: Տարիներ անց որոշեցի երաժշտական գործիքներ պատրաստել: Գործիքների պատրաստման մեջ գերիշխող նյութը թուղթն է՝90 տոկոս:  Այն մշակում եմ հատուկ մեթոդով և,  արդյունքում, ասենք կիթառի կաղապարը նմանվում է փայտի»,-մանրամասնեց Վալեր Նազարեթյանը:

Մեր հարցին, թե հույսեր ունի՞, որ կստանա գլխավոր մրցանակը, մասնակիցը համեստաբար լռեց ու հորդորեց սպասել ժյուրիի գնահատականին, իսկ մինչ այդ քաղաքացիներից մեկը չկարողանալով զսպել իր հիացմունքը՝ ասաց.

«Հրաշք է, տղա ջան, դու մեծ հաջողություններ կունենաս: Նայեք, այստեղ միայն փոքրիկ երաժշտական գործիքը չէ, այստեղ կյանք կա, իմաստ կա»:

Փառատոնին ներկա էր նաև գեղանկարիչ, լուսանկարիչ Սամվել Սևադան, ով նաև մասնագիտական հանձնախմբի անդամ է, հետաքրքրվեցին, թե արդեն կա՞ն գործեր որոնք հավանել է.

Լավ նկարներ կան, բայց դեռ չեմ  ասի՝ որոնք եմ առանձնացրել»,-ասաց նկարիչը:

Նրա խոսքով՝ ոճային տարբերություն կա, երիտասարդների նկարներում զգացվում է եվրոպական շունչը, նրանք ավելի ազատ են մտածում:

Նշենք, որ փառատոնը կտևի մինչև հունիսի 12-ը, մասնակցում են 16-30 տարեկան անհատներն ու ստեղծագործական խմբերը: Նրանց թիվն այս տարի մոտ 430 է:

Փառատոնի հիմնական նպատակը երիտասարդների մեջ արվեստի հանդեպ հետաքրքրությունը մեծացնելը ,մասնագիտական հմտությունների մեջ կատարելագործվելն ու արվեստագետների հետ շփման միջոցով փորձի փոխանակումն է: 

                                                                                                   Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին