a1plus.am-ը գրում է. «Հերթական քաղաքական հալածանքն է: Այս օրերին մեր երկիրը շատ վտանգավոր փուլում է գտնվում եւ ժողովուրդը պետք է գիտակցի, մինչեւ Սերժ Սարգսյանից չազատվի , երկիրը գնում է կործանման»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց Քննչական կոմիտեում իր փաստաբանի հետ գտնվող Ժիրայր Սեֆիլյանը:
Հիշեցնենք, որ նա այսօր ձերբակալվել է Ժիրայր Սեֆիլյանը, որից հետո նրա տանը եւ «Սարդարապատ» շարժման գրասենյակում կատարվել է խուզարկություն: ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը:
Ժիրայր Սեֆիլյանը մեղադրանքի հետ կապված որեւէ բան չհայտնեց՝ նշելով, որ նոր են ծանոթանում մեղադրանքին:
Իսկ նրա պաշտպան Արա Զաքարյանը ձերբակալությունը համարում է քաղաքական պատվեր. «Իշխանություններն ամեն գնով փորձում են հետապնդում իրականացնել արտահայտված կարծիքի եւ դիրքորոշման վերաբերյալ: Ապրիլյան դեպքերի հետ կապված հայտարարությունների արդյունք է դա»:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանն էր առաջինը բարձրաձայնել 700 հա տարածքների հանձնման մասին:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում