ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 6-ի 1227-Ա որոշման (Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված և Երևան քաղաքի Կոնդ թաղամասում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման նախապատրաստական միջոցառումների մասին) 3-րդ կետով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին պատվիրակվել էր ՝ ապահովել Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում, «Հին Երևան» համալիրի կառուցապատման նախագծի մշակումը:
Ծրագրի շինարարական աշխատանքները պետք է սկսվեին 2015 թվականին, սակայն դեռ նոր-նոր են հողային աշխատանքներ կատարում.
«Կառավարության որոշմամբ աշխատանքները պետք է կատարվեին 5 տարում, և, քանի որ 2016 թվականից ենք սկսել, հույս ունեմ, որ նախանշված ժամկետում էլ կավարտենք: Բնակելի տարածք չէ, առևտրահասարակական կենտրոն է լինելու: Շատ ցանկալի կլիներ, որ մշակույթի տարրեր պարունակեր, ներդրողներին փորձել եմ համոզել, որ թանգարանային կտորներ ունենանք, չգիտեմ՝ կհաջողվի, թե՝ ոչ»,-լրագրողների հետ զրույցում ասաց նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանը:
Անդրադառնալով ճարատարապետների կողմից այս նախագծի վերաբերյալ արված քննադատություններին, համաձայն որոնց այս նախագիծն արհեստածին է, Լևոն Վարդանյանը նշեց.
«Պատկերացրեք, մեկին պատվիրել են, որ օպերա գրի, մի քանի մասնագետներ, որ ավարտել են կոնսերվատորիան ու ընդամենը դիպլոմ ունեն, հանկարծակի սկսում են քննադատել գործը: Ես հեղինակն եմ, համալիրը նախագծում եմ այնպես, ինչպես պատկերացնում եմ, իսկ մնացածն ինձ չի հետաքրքրում: Ես իմ աշխատանքն եմ անում, իսկ թե կոլեգաներն ինչ են խոսում, ինձ չի հետաքրքրում: Ի դեպ, բացի նրանցից, իմ համաքաղաքացիները միայն ողջունում են նախագիծն ու սպասում, թե համալիրը երբ կիրականանա»:
Մեր այն դիտարկմանը, թե նույն այդ հասարակության մեծ մասն էլ հակառակը, դեմ է նախագծին, ավելին, չեն պատկերացնում բաձրահարկ շենքերի ու այս նախագծի համատեղելիությունը, քանի որ անհամաչափ է լինելու, ճարտարապետը նկատեց.
«Երբ որ ներկայացրեցի «Հին Երևան» նախագիծը, Ձեր ասած բարձրահարկ շենքերը չկային: Դրանք իրականացվել են իմ կոլեգաների միջոցով: Ես նախագիծը ներկայացնելիս ասում էի, որ պետք է համահունչ լինեն, ոչ ոք հաշվի չառավ դա: Հիմա այդ հարցը ինձ տալիս եք, ես ո՞նց պատասխանեմ: Ամեն դեպքում ես իրականացնելու եմ սա, ժամանակի ընթացքում գուցե բարձրահարկ շենքերը քանդեն»:
Անի Կարապետյան