Թուրքիայում ռազմական հեղաշրջման մասնակիցները խոստացել են վճռականորեն շարունակել իրենց պայքարը ռեժիմի դեմ՝ չնայած անհաջողությանը:
Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով հեղաշրջման մասնակիցների հայտարարությունը:
Նշվում է, որ լրագրողների ձեռքն ընկած փաստաթուղթն ուղարկվել է երկրի ԶՈՒ գլխավոր շտաբի էլեկտրոնային փոստի հասցեից:
Միաժամանակ հեղաշրջման կազմակերպիչները խոստացել են, որ կդիմադրեն բոլոր նրանց, որոնք աջակցում են գործող իշխանություններին:
Նշենք, որ հուլիսի 15-ի երեկոյան լրատվամիջոցները հաղորդել են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Անկարայի եւ Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, տեղի են ունեցել կրակոցներ եւ պայթյուններ: Մի խումբ զինվորականներ հայտարարել են երկրում իշխանությունը վերցնելու մասին՝ սահմանադրական կարգը վերականգնելու, մարդու իրավունքներն ու ազատությունները ապահովելու նպատակով:
Նախնական տվյալներով 60 մարդ է զոհվել: Հեղաշրջման փորձից հետո 336 մարդ է ձերբակալվել: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Թուրքիայում ռազմական հեղաշրջումը կազմակերպել է գնդապետ Մուհարեմ Քոսեն:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է տեղի ունեցող իրադարձությունների անօրինական լինելու մասին: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը ձախողվել է եւ ամբողջությամբ կճնշվի: