▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օշականցի Գևորիկի եղբոր տղան ու նրա ընկերները որոնվում են 4 քաղաքացու դանակահարության գործով

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու 4 անձի դանակահարության դեպքի հանգամանքները։
 

2016թ. օգոստոսի 4-ին` ժամը 20:10-ին, «Աշտարակ ԲԿ» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած թափանցող վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Վ. Մովսիսյանը (ծնված 1976թ.), ինչպես նաև ծակած-կտրած տարբեր վերքերով՝ Ռ. Ջուլհակյանը (ծնված 1984թ.), Գ. Գարանյանը (ծնված 1969թ.) և Ա. Միրզոյանը (ծնված 1979թ.):
 

Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվում են  անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 4 անձանց՝ մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները, առերևույթ հանցագործություն  կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
 

Քննության ընթացքում նախնական տվյալներ են ձեռք բերվել հնարավոր դեպքի վայրերի մասին, կատարվել են զննություններ, որոնց  արդյունքում հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, բջջային հեռախոս  և այլ առարկաներ: Առգրավվել է նաև հարակից խանութի տեսանկարահանման սարքը:
 

Հարցաքննվել են մի շարք վկաներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ։
 

Ըստ բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի՝ մարմնական վնասվածքներ ստացած անձինք ի վիճակի չեն մասնակցել քննչական գործողությունների:
 

Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

 

ՀՀ Քննչական կոմիտե
 

 

shamshyan.com-ի տեղեկություններով, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնվում են հանցագործ աշխարհում հայտնի, օրենքով գող Օշականցի Գևորիկի եղբոր տղան ու նրա ընկերները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ունեն օպերատիվ տվյալներ, որ դանակահարությունը կատարվել է նշված անձանց կողմից, ովքեր դեպքի վայրից դիմել են փախուստի երկու BMW X5 մակնիշի ավտոմեքենաներով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին