▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Բաբայանը մեկնաբանում է Բակո Սահակյանի՝ «հայ» և «ղարաբաղցի» տարանջատման մասին արտահայտությունը

Armtimes.com-ը գրում է.

«Ադրբեջանը պետք է կարողանա հրաժարվել ղարաբաղցիների եւ հայերի հանդեպ իր ազգատյաց քաղաքականությունից». այս նախադասությունը հատված է Ֆրանսիայի խորհրդարանի էլեկտրոնային թերթին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի տված հարցազրույցից: Ղարաբաղցիներին հայերից տարանջատելու մասին այդ նախադասությունը երեկվանից համացանցում ակտիվ քննարկվում է: Այսօր, երբ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին խնդրեցինք պարզաբանել, թե որն է ԼՂՀ նախագահի կողմից թույլ տրված այդ արտահայտության պատճառը՝ նա պնդեց, որ Բակո Սահակյանի հարցազրույցն աղավաղվել է: Ստորեւ ներկայացնում ենք Դավիթ Բաբայանի հետ մեր զրույցը.

- Պարոն Բաբայան, տարիներ շարունակ Ղարաբաղի բնակիչները սրերով են ընդունել, երբ խոսք է գնացել ղարաբաղցիների ու հայերի միջեւ որեւէ տարանջատման մասին: Հիմա Ղարաբաղի նախագահն է այդպիսի արտահայտություն անում: Ի՞նչ է սա նշանակում, ինչ-որ բա՞ն է փոխվել:

- Մի այսպիսի տհաճ երեւույթ է նկատվում: Խնդիրը նրանում է, որ այդ հարցազրույցը միտումնավոր որոշ մարդիկ աղավաղել են: Այդ նախադասությունը, մի շարք էդպիսի նախադասություններ...չգիտես ինչու բերել են ինչ-որ հայ եւ ղարաբաղցի բառերով մի աննորմալ նախադասություն: Ընդհանրապես, այդպիսի տերմինաբանություն չի օգտագործվել: Դուք հասկանում եք, որ չի կարող նման բան լինել, ի՞նչ է նշանակում հայեր եւ ղարաբաղցիներ: Էդպիսի բան ընդհանրապես չի եղել: Կարող է եղած լինի՝ հայությունը Արցախում, Հայաստանի Հանրապետությունում, Սփյուռքում, հայ ժողովուրդը, եւ այլն եւ այլն: Բայց չի եղել նման նախադասություն: Ո՞վ է թարգմանել դա, ես չգիտեմ:

- Պնդում եք, որ Ղարաբաղի նախագահը չի՞ կարող նման արտահայտություն թույլ տված լինել:

- Էդպիսի հայտարարություն չի կարող թույլ տալ ցանկացած նորմալ հայ մարդ: Էդպիսի հայտարարություններով Ադրբեջանը 70 տարի շարունակ փորձում է հայ ժողովրդին բաժանել երկու հատվածի, ղարաբաղյան հատվածը կտրել Հայաստանից: Էդպիսի բան մենք ո՞նց կարող ենք ասել: Ախր ինձ համար վիրավորական է, որ հարցնում են՝ կարո՞ղ է նման բան լինել: Բայց ո՞նց կարող է: Ես պաշտոնապես հերքում եմ դա, այդպիսի բան չի եղել նախագահի խոսքում. չգիտեմ ով է թարգմանել՝ նման աննորմալ տերմինաբանություն օգտագործելով եւ նրանք սխալ են թույլ տվել, թե ինչ-որ մեկը միտումնավոր էդպես է թարգմանում, թե դա արտաքին թշնամիների քաղաքականությունն է, ես չգիտեմ՝ բայց այդպիսի բան չկա: Չի կարող լինել էդպիսի բան:

- Ի՞նչ թարգմանության մասին եք խոսում. ֆրանսերեն տարբերակում, որը հարցազրույցի բնօրինակն է, նշված է հայեր եւ ղարաբաղցիներ արտահայտությունը: Դուք Ֆրանսիայի Ազգային ժողովի կայքում կարդացե՞լ եք հարցազրույցը:

- Ուրեմն այնտեղ է սխալ թարգմանված, Էդպիսի բան չկա ընդհանրապես, հարցազրույցի մեջ նման բան չկա: ԼՂՀ նախագահը հայերեն է խոսել: Միգուցե թարգմանիչը խնդրին չի տիրապետում:

- Դիմե՞լ եք լրագրողին, որպեսզի բնօրինակում փոխի այդ արտահայտությունը:

- Դիմելու ենք, բա իհարկե դիմելու ենք:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին