Aravot.am-ը գրում է. Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, գերծանր քաշային ծանրորդ Գոռ Մինասյանն այսօր որպես Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շրջանավարտ ներկա էր հարազատ բուհում Գիտելիքի օրվան նվիրված միջոցառմանը: Կայքը զրուցել է Գոռ Մինասյանի հետ:
-Գոռ, օլիմպիական արծաթե մեդալի մասին արդեն ասվել է շատ բան ու դեռ էլի շատ բան ասվելու է: Բայց եկ խոսենք ոչ մարզական թեմայով: Դու արդեն երկու ամիս է ծառայում ես հայկական բանակում՝ սպորտային վաշտում: Ծառայության վայրում եղե՞լ ես:
-Այո: Բայց շատ քիչ: Ներկայացել եմ ծառայության վայր եւ որպես Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ գործուղումով մեկնել օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար ուսումնամարզական հավաքների:
-Զինվորական համազգեստ ստացե՞լ ես:
-Այո, բայց դեռ չեմ հասցրել հագնել:
-Իսկ ուզո՞ւմ ես այն փորձել:
-Անհամբեր սպասում եմ այդ օրվան: Ես մարզիկ եմ, Հայաստանի ազգային հավաքականի անդամ ու պետք է ամեն բան անեմ մեր երկրի պատիվը միջազգային մարզական ասպարեզում բարձր պահելու համար: Բայց երազում եմ այն օրը, երբ կհագնեմ զինվորական համազգեստը, քանի որ այն կրել ու այսօր էլ կրում են մեր ազգի հերոսները՝ Հայաստանի ու Արցախի սահմաններն անառիկ պահող ապրիլյան քառօրյա պատերազմի հայ զինվորները:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում