▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիկտոր Համբարձումյանի կանխագուշակումն իրականացավ

Այս տարի լրանում է Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի ստեղծման 70-ամյակը: Տնօրեն Հայկ Հարությունյանի խոսքով՝ եղած բազում խնդիրներից կարողացել են դեռևս մի քանիսը լուծել, դրանից  մեկն էլ խոշորագույն՝ 2,6 ­մետրանոց դիտակի կարգի բերելն է: 25 տարի անց կրկին սարքին է ու սկսել է աշխատել Շմիդտի 1,0մ դիտակը: Կարողացել են գիտաշխատողների նախկին՝ 40-50.00-անոց  աշխատավարձը եռապատկել:

«Այժմ փորձում ենք նոր սարքավորումներ ձեռք բերել, չնայած շատ թանկ են, 250.000-ից 1 միլիոն դոլարի սահմաններում են գները տատանվում»,-հայտնեց  Հայկ Հարությունյանը:

Աստղադիտարանի փոխտնօրեն Արեգ Միքայելյանն էլ նշեց, որ անկախ վերջին 25 տարիների դժվարություններից, աստղագետների նվիրվածության  շնորհիվ դրական տեղաշարժեր եղել են.

«Ճիշտ է, գիտաշխատողների կազմը պակասել է, բայց այնպիսի իրադարձություններ են տեղի ունեցել, որոնց մասին Վիկտոր Համբարձումյանը կանխագուշակում, երազում էր: Հիմա աստղագիտությունը  միջճյուղային գիտաճյուղերի առաջատարն է, որի վերաբերյալ Համբարձումյանը մեկ անգամ ասաց, թե այն 21-րդ դարում կդառնա գլխավոր գիտությունը: Ոչ ոք այդ ժամանակ չհասկացավ, թե ինչ նկատի ուներ: Այսօր արդեն բոլոր բնական գիտությունները երկրի վրա իրենց հետազոտություններն ինչ-որ չափով սպառել են, լրացուցիչ տեղեկատվություն են ցանկանում, որը գալիս է Տիեզերքից: Լայն թափով զարգանում է աստղաքիմիան, աստղակենսաբանությունը...»,-նկատեց Արեգ Միքայելյանը:

Նշենք, որ ՀՀ ԳԱԱ Բյուրականի Աստղադիտարանը հիմնադրվել է 1946 թվականին՝ Աստղադտարանի առաջին տնօրեն Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ։ Աստղադիտարանի գիտական գործունեությունը ուղղված է Տիեզերքում անկայուն երևույթների հետազոտմանը, որի համար նախատեսված են հինգ հիմնական դիտակներ, որոնցից են` աստղադիտարանի խոշորագույն 2,6մ և Շմիդտի 1,0մ հանրահայտ դիտակները։ 1946 թվականից ի վեր Բյուրականում են անցել բազմաթիվ աստղագիտական հավաքներ, գիտական հանդիպումներ: 1998 թվականից Բյուրականի Աստղադիտարանը կրում է Վիկտոր Համբարձումյանի անունը։

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին