armtimes.com-ը գրում է. Լոռու մարզի Ախթալայի նախկին քաղաքապետ, հոկտեմբերի 2-ին սպասվող ՏԻՄ ընտրություններում ինքնառաջադրված Սուրեն Թամազյանն ահազանգում է, որ գործող քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը (Վազգեն Խաչիկյանի եղբայրը) վախի մթնոլորտ է տարածում համայնքում՝ սպառնալով, որ իր օգտին չքվեարկողները կզրկվեն աշխատանքից:
Այս մասին կայքի հետ զրույցում ասաց Սուրեն Թամազյանը:
«Վախեցնում են ահավոր ձեւի, ժողովուրդն ահաբեկված է, բոլորին սպառնում են, եթե Խաչիկյանին չընտրեք՝ աշխատանքից կազատվեք: Մարդիկ վախենում են ինձ բարեւեն, հեռախոսով հետս խոսում են, բայց որ դրսում տեսնում են, վախենում են բարեւեն»,-ասաց Թամազյանը:
Մեր զրուցակիցը նաեւ ուշագրավ հայտարարություն արեց Ախթալայի մասին:
«Վազգենն է գաղութից ղեկավարում Ախթալան, Հայկազն ո՞վ է, որ կարողանա ինչ-որ բան անել»,- ասաց նա:
Մեր հարցին՝ Վազգեն Խաչիկյանը կալանավայրում պատիժը կրելով իշխանությո՞ւն է, Թամազյանը պատասխանեց.
«Դե, կալանավոր է, բայց հեռախոսը ձեռքից չի գցում, գործող քաղաքապետը մեկին մի տեղեկանք տալու համար էլ պիտի զանգի, ախպոր հետ համաձայնեցնի: Վազգենն էլ Ախթալայում բոլորի համարներն ունի, օրը տասն անգամ զանգում է՝ սպառնում, վախացնում»:
Հետաքրքրվեցինք՝ ինչպիսի՞ հարաբերություններ ունի գործող քաղաքապետի հետ, քանի որ նախորդ ընտրությունների ժամանակ քրեական գործ էր հարուցվել իրենց բախումներից հետո: Թամազյանն ասաց, որ հարաբերությունները «մեղմ ասած՝ լավ չեն», ապա մանրամասներ հաղորդեց, թե քրեական գործ ինչու էր հարուցվել:
«Ժամանակին Վազգենը մոտ էր Սերոբի հետ (մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյան), ախպերներ էին, նկարները կան, իրար հետ կանգնում, ինձ ասում էին՝ մեզ չխանգարես, մենք ենք ընտրվելու ու ամեն ինչ արեցին, որ ինձ հանեն, ու իրանք դա արեցին, Հայկազին նշանակեցին, ոչ թե ընտրվեց»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Խաչիկյանների տուն ներխուժելուն եւ այնտեղ ամեն ինչ ջարդուփշուր անելուն, ապա մեր զրուցակցի խոսքով՝ այդ ամենը եղել է Սերոբ Տեր-Պողոսյանի՝ մանկապղծության մասին վկայող տեսաերիզների համար: Վազգեն Խաչիկյանի եւ Սերոբ Տեր-Պողոսյանի հարաբերությունները վատացել էին «Արամյանց» հանգստյան տան պատճառով.
«Վազգենն ուզում էր ուրիշին նվիրի, բայց այն արդեն Սերոբինն էր, դրա պատճառով իրանց հարաբերությունները վատացան: Վազգենն ասել էր, որ Սերոբի մասին տեսագրություն ունի, Սերոբի կողմնակիցներն էլ մտել ջարդել, փշրել էին, բայց տեսագրություն չէին գտել»:
Մեր հարցին՝ արդյո՞ք նախորդ ընտրություններում ակտիվ դերակատարում ունեցած քրեական հեղինակություն Բոդոլը սատարելու է իրեն, Թամազյանը պատասխանեց, որ նա իրեն չի սատարել ու չի էլ սատարելու, պարզապես, Խաչիկյանների հետ խնդիր ուներ:
Սուրեն Թամազյանի խոսքով՝ գործող քաղաքապետի կողմից ընտրակաշառք է բաժանվում.
«Էն գողացած փողերից դեռ կա, բաժանում են, միշտ էլ բաժանել են, չեմ կարող փաստեր ներկայացնել, ես չեմ կարող ապացուցել, որ արեւն արեւելքից դուրս է գալիս, արեւմուտքում մայր մտնում, դա բոլորը գիտեն»:
Հիշեցնենք, որ Ախթալայի քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու են ոչ միայն նախկին ու գործող քաղաքապետերը, այլ նաեւ ՀԱԿ անդամ, ինքնառաջադրված Ախթալայի «Արհեստակցական կազմակերպության» նախագահ Սասուն Վարդումյանը: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ նախկին ու գործող քաղաքապետերին այլընտրանք է.
«Նախկինը 12 տարի է ղեկավարել Ախթալան, գործողը՝ 8, եւ Ախթալայի բնակչությունը շատ լավ տեղյակ է՝ ով ոնց է աշխատել: Նրանք որ առաջադրվել էին, այլընտրանք չի եղել, իսկ հիմա Խաչիկյանի եւ Թամազյանի աշխատանքից դժգոհողներն ունեն երրորդ ուժին ընտրելու հնարավորություն»:
Այս խոսքերին հակադարձում է Սուրեն Թամազյանը:
«Ջահել է էլի, մեծամիտ խոսում է, Ախթալայի բնակիչներն ինձնից դժգոհ չեն, ուղղակի Վազգենն ու Սերոբն ամեն ինչ արեցին, որ ինձ հանեն, ժողովուրդն ինձ միշտ էլ սիրել է»,- եզրափակեց Թամազյանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում