▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գործիքների անունները պահանջեցին ներկայացնել ռուսերեն լեզվով.Ի՞նչ է պատմում աշխատանք փնտրող սիրիահայը

Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայկական Կարմիր խաչի ընկերության Լրատվական լուսաբանման բաժնի վարիչ Նունե Գրիգորյանը հայտնեց, որ իրենց կողմից սիրիահայերին տրամադրվում է մարդասիրական օգնություն, որն է՝ դեղորայք, սնունդ, հիգիենայի պարագաներ.

«Բիզնես հիմնելու հարցում էլ օգնում ենք ամենախոցելիներին և դա որոշում է ստեղծված գնահատման հանձնաժողովը՝ հիմնվելով միջազգային չափանիշների վրա»,-նշեց Նունե Գրիգորյանը:

Ասուլիսին ներկա էր Սիրիայից 1.5 տարի առաջ Երևան տեղափոխված Ներսես Ասլանյանը, ով նշեց, որ իրեն այս կազմակերպությունն առանց պատճառաբանության մերժել է:

Նունե Գրիգորյանն էլ հակադարձեց, թե  նման բան հնարավոր չէ ու Ն.Ասլանյանին հրավիրեց իրենց կազմակերպություն՝ չթողնելով նեկայացնել թե ի՞նչ հարցով էր սիրիահայը դիմել ու մերժում ստացել:

Ասուլիսից հետո մի քանի լրագրողների հետ զրույցում Ներսես Ասլանյանը ներկայացրեց եղելությունը.

«Երկաթագործ եմ, մեքենաների նորոգման կենտրոն էի ցանկանում բացել, ռուսերեն և հայերեն լեզուներով պահանջեցին ներկայացնել գործիքների անունները: Համացանցում գտա 9 գործիքի ռուսերեն անվանումը: Ասացին, որ 800 եվրոյի գործիքներ կտրամադրեն:

Թուղթը պատրաստեցինք և ներկայացրեցինք: Ժողովից հետո ասացին, թե 7 գործիք կտանք, 2-ը դուք գնեք: Ասացի՝ խնդիր չկա: 15 օր հետո ասացին, որ մերժել են խնդրանքս և չեն տրամադրի գործիքները: Որևէ պատճառաբանություն չեն ներկայացրել, ախր ինձ համար գործիքները շատ կարևոր են»:

Ներսես Ասլանյանն ասաց, որ այժմ աշխատում է, բայց սեփական բիզնեսն է ուզում հիմնել. «Վճարում են 100-120.000 դրամ, այն դեպքում, որ տան վարձը 100.000 դրամ է: Կինս չի աշխատում: Ամեն ամիս էլ 15.000 դրամի գումար եմ ծախսում՝ դեղերը գնելու նպատակով»:

Անի Կարապետյան

Հ.Գ Ներսես Ասլանյանը ասուլիսից հետո Հայկական Կարմիր խաչի ընկերության Լրատվական լուսաբանման բաժնի վարիչ Նունե Գրիգորյանի հետ մեկնել է նրանց գրասենյակ: Թե ի՞նչ լուծում ստացավ  այս խնդիրը՝ կներկայացնենք ավելի ուշ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին