▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ նախագահի ներողությունից հետո Հատուկ քննչական ծառայությունն ակտիվացրեց իր աշխատանքն ու մեղադրյալներ ի հայտ եկան

«2016 թվականի երրորդ եռամսյակում հայաստանյան լրատվամիջոցներն ու լրագրողները գործել են ծայրահեղ բարդ պայմաններում: Երկրում հասարակական-քաղաքական իրավիճակի լարվածությունը՝ պայմանավորված «Սասնա ծռեր» խմբավորման՝ ՊՊԾ գնդի վրա զինված հարձակմամբ ու դրան հաջորդած ցույցերով ու բախումներով, զուգորդվեց ԶԼՄ-ի նեկայացուցիչների նկատմամբ լայնամասշտաբ բռնություններով և օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտումներով»,-ներկայացնելով Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին ԽԱՊԿ-ի եռամսյակային զեկույցը՝ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ հավելելով.

«ԶԼՄ աշխատակիցների նկատմամբ հարձակումների գագաթնակետը հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերն էր, երբ բողոքի ցույցը ցրելիս ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին նաև լրագրողների ու օպերատորների նկատմամբ: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալներով՝ հուլիսյան դեպքերի ընթացքում ֆիզիկական բռնության են  ենթարկվել 19 լրագրող և օպերատոր, որոնցից 16-ը՝ հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը: ԶԼՄ-ի ևս 3 ներկայացուցիչ հարձակման թիրախ է դարձել հուլիսի 17-29-ն ընկած ժամանակահատվածում։ Բացի դա՝ թեև առանց ուժի կիրառման, խոչընդոտվել է նաև 8 լրագրողի ու օպերատորի աշխատանք: Խիստ մտահոգիչ է այն, որ ինչպես 2015թ.հունիսի 23-ի դեպքերի ժամանակ, այնպես էլ այս տարվա հուլիսյան իրադարձությունների ընթացքում լրագրողների, օպերատորների վրա հարձակումները նպատակաուղղված բնույթ են կրել:

Ընդհանուր առմամբ, 3-րդ եռամսյակում արձանագրվել է ֆիզիկական բռնությունների 5 դեպք, որոնց ընթացքում տուժել է 20 լրագրող և օպերատոր: Հատկանշական է, որ ՀՀ նախագահի՝ հուլիսյան իրադարձությունների առնչությամբ լրագրողներից ներողություն խնդրելուց ու դրանք մոռանալ հորդորելուց հետո Հատուկ քննչական ծառայությունն ակտիվացրեց իր աշխատանքն ու մեղադրյալներ ի հայտ եկան: ՀՔԾ սկսեց բացահայտումներ անել ու դրանք կապված էին նաեւ նախորդ տարվա էլեկտրիկ Երեւանի դեպքերի հետ: Մեղադրանք է սակայն ներկայացվել միայն 4 ոստիկանի, այնինչ տուժող էին ճանաչվել 20 լրագրող եւ օպերատոր: Իսկ հուլիսյան դեպքերից հետո մեղադրանք է առաջադրվել 8 անձի: Այս քայլերն ամենևին համարժեք չեն բռնությունների ծավալներին ու ձևական մոտեցումն ակներև է: Ծիծաղելի իրավիճակ է.ստացվում է, որ 4 ոստիկան 20 լրագրողի աշխատանք է խոչընդոտել»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին