Օրերս քանդվեց Հանրապետության փողոցում գտնվող նախկին առաջին տպարանի շենքը։
«Այս պրոցեսը շարունակական է.թողնում են այնքան, մինչև որևէ կերպ հնարավոր չլինի վերականգնել շենքը: Կառուցապատողի կողմից լուրջ սխալ է թույլ տրվել, քանի որ ասվել է, որ Ճարտարապետների միությունում հոկտեմբերի 1-ին կատարվել է քննություն: Նման բան չկա: «Հայաստանի հանրապետություն» թերթի հոկտեմբերի 22-ի համարում կա հայտարարություն՝ այդ շենքի տեղում նոր կառույցի լինելու կամ չլինելու մասին քննարկումներ կազմակերպելու մասին: Ըստ թերթի հայտարարության՝ դա պետք է լինի նոյեմբերի 1-ին: Թե ի՞նչ պետք է քննարկեն, չգիտեմ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Ռեժիսոր Հրանտ Վարդանյանն էլ նկատեց.
«Մի բան չեմ հասկանում.80 տարիների ընթացքում շենքը չմաշվեց-չմաշվեց, հենց այս վերջին 20 տարվա մեջ այնքան մաշվեց, որ անպիտան դարձա՞վ: Չգիտեմ, ի՞նչ պետք է արվի, որ այս արհավիրքը կանգ առնի: Սա բարբարոսություն է, շանորդիություն: Ո՞վ ես դու, որ ինքնուրույն որոշես, թե իմ քաղաքի հետ ինչպես պետք է վարվես: Ես սիրել եմ այդ շենքը, դրա էներգետիկան ինձ անհրաժեշտ է եղել»:
Շարունակելով վերջինին՝ քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը նշեց.
«Ամենասարսափելին ժողովրդի ու պետության հանդեպ արհամարհանքն է: Սրանք ճարտարապետություն ասելով շենք են հասկանում: Ես ի՞նչ անեմ, որ անգրագետ են»:
Հիշեցնենք, որ սեփականատերը նախատեսում է նոր, բազմաֆունկցիոնալ շենքի կառուցում: Տպարանի շենքը կառուցվել էր 1920-30-ական թվականներին: Այն ներառված չէր ՀՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:
Անի Կարապետյան