«GALLUP International association»-ը հրապարակել է ՀՀ բնակչության շրջանում նոյեմբերի 2-16-ն ընկած ժամանակահատվածում իրականացված հարցումների արդյունքները:
Ասոցացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանի փոխանցմամբ՝ հարցումներն իրականացվել են դեմ առ դեմ, մասնակցել է 1100 հոգի.
«Բավարարվա՞ծ եք արդյոք ձեր կյանքով հարցին 4.5 տոկոսը դժվարացել է պատասխանել, 12.7 տոկոսը ընդհանրապես բավարարված չէ, 23.7 տոկոսն ավելի շուտ բավարարված չէ, 45.5 տոկոսը ավելի շուտ բավարարված է, լիովին բավարարված է 13.6 տոկոսը:
Ինչպե՞ս եք գնահատում ձեր ընտանիքի նյութական, տնտեսական ապահովվածությունը հարցին շատ վատ՝ պատասխանել է 6.5 տոկոսը, վատ՝ 12.2 տոկոսը, միջին՝ 63.8-ը, լավ՝ 15.7-ը, շատ լավ՝ 1.8 տոկոսը:
Ինչպե՞ս եք գնահատում մեր երկրի ներկա տնտեսական վիճակը.շատ վատ 33.2 տոկոս, վատ 36 տոկոս, միջին՝ 26.6, լավ 2.4, շատ լավ՝ 1.2 տոկոս:
Ձեր կարծիքով՝ մեկ տարի անց ընտանիքի հետ ներկա դրության համեմատ ավելի լա՞վ, թե՝ ավելի վատ կապրեք.զգալիորեն ավելի վատ՝ ասել է 4.7 տոկոսը, որոշ չափով վատ՝ 10.8 տոկոսը, այնպես, ինչպես այժմ՝ 40.5 տոկոսը, որոշ շափով լավ՝ 27.9 տոկոսը և զգալիորեն ավելի լավ 6.6 տոկոսը:
Ընդհանուր առմամբ պատկերը շատ չի փոխվել, սպասումները մի փոքր դրական աճ ունեն՝ համեմատած նախորդ տարիների հետ»,-նշեց Արամ Նավասարդյանը՝ շարունակելով.
«Պատասխանելով Նախագահի, ԱԺ-ի, Կառավարության գործունեությանը վերաբերող հարցին, 14.9 տոկոսը ավելի շուտ հավանություն է տվել նախագահին, լիովին հավանություն է տվել 2.4 տոկոսը, 23 տոկոսն ավելի շուտ վարչապետին է հավանություն տալիս, Կառավարությանը լիովին հավանություն է տալիս 2.4 տոկոսը, ԱԺ-ն ամենացածր արդյունքներն է գրանցել՝ 10.4 տոկոսն է ավելի շուտ հավանում»:
Ասոցացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրենի փոխանցմամբ՝ Կարեն Կարապետյանի՝ վարչապետ նշանակելու որոշմանը հարցվողների 1.6 տոկոսը ընդհանրապես բացասական է վերաբերվել, ավելի շուտ բացասական՝ 4 տոկոսը, 8.2 տոկոսը դժվարացել է պատասխանել, 57.2 տոկոսն ավելի շուտ դրական է նշել, 29 տոկոսը՝ լիովին դրական: Այսինքն 86.1 տոկոսը լիովին դրական է համարել:
Գնահատելով Կարեն Կարապետյանի գործելաոճն այս կարճ ժամանակահատվածում, 1.7 տոկոսը ընդհանրապես բացասական է համարել, 3.7 տոկոսը ավելի շուտ բացասական, 56.2 տոկոսն ավելի շուտ դրական, լիովին դրական՝ 28.9 տոկոսը:
Ինչպե՞ս կգնահատեք նոր կառավարության փոփոխությունները հարցին ընդհանրապես բացասական՝ պատասխանել է 3.4 տոկոսը, ավելի շուտ բացասական՝ 9.1, ավելի շուտ դրական՝ 56.9, լիովին դրական՝ 17 տոկոս: Ընդհանուր առմամբ 73.9 տոկոսը դրական է գնահատել:
Սպասումների հետ կապված մի քանի դատողություն են ներկայացրել և քաղաքացիները նշել են՝ որի հետ են համաձայն, որի հետ՝ ոչ.
44.2 տոկոսը նշել է, որ նոր Կառավարությունը շոշափելի քայլեր իրականացնելով ունակ կլինի բարելավել ՀՀ տնտեսական վիճակը, 24.5 տոկոսը նշել է, որ նոր կառավարությանը չի հաջողվի տեսանելի հաջողություն գրանցել, 19.2 տոկոսը նշել է, որ նոր կառավարությունը բոլոր տնտեսվարողներին կբերի օրենքի դաշտ, 12 տոկոսն էլ կարծում է, որ կնպաստի արդար և թափանցիկ ընտրությունների իրականցմանը:
Անի Կարապետյան