Մշակույթի նախկին նախարար, Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի Մարզական լրագրության և շախմատի ամբիոնի վարիչ Ռոլանդ Շառոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սիրելիներս,
Երեկ «Հրապարակ» օրաթերթի լրագրողի և ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին Ֆեյսբուքյան իմ էջում երգիծանքի ժանրով քոմենթ էի գրել, որը որոշ լրատվական կայքեր, առանց իմ համաձայնության վերցրեցին և տարածեցին, տպավորություն ստեղծելով,թե ես պաշտպանելով Ռուբեն Հակոբյանին, հեգնում եմ լրագրողին։ Իրականում ես երգիծել եմ երևույթը և նպատակ չունեմ որևէ կողմին պաշտպանել, մանավանդ կարդալով և նայելով այդ իրադարձության մասին հրապարակումները շվարեցի՝ զավեշտը նրանում է, որ արդեն լրագրողն է հարվածում լրագրողին։ Սա այն սոսկալի երևույթն է, երբ այլ կերպ, քան երգիծանքն է, չես կարող արտահայտվել։ Իսկ իրականում, ամոթ է: Ի դեպ, չեմ բացառում, որ ես էլ երգիծելու չափը դույզն ինչ անցել եմ,ուստի ես ինձ չեմ ներում,բայց նման զավեշտալի երևույթները շարունակելու եմ ծանակել,եթե անգամ,իրավամբ,ես ոչ թե ծեծող,այլ ծեծվող լրագրողը լինեմ: Ցավում եմ այս միջադեպի համար և որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի`ամաչում: Խաղաղ ապրեք»: