armtimes.com-ը գրում է. Դերասան Սերգեյ Դանիելյանի նախաձեռնությունն իրավական ուժ չի ստանա եւ հետեւապես դերասանը չի մասնակցի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: «Քաղաքացիական ակտիվ քայլ» կուսակցություն գրանցելու մասին դիմում չի ներկայացվի ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց ռեգիստր. կուսակցությունը կմնա վիրտուալ տիրույթում: Այս մասին կայքի հետ զրույցում ասաց Սերգեյ Դանիելյանն ու մանրամասնեց, թե որոնք են ընտրություններին չմասնակցելու պատճառները:
- Պարոն Դանիելյան, ո՞ր փուլում է «Քաղաքացիական ակտիվ քայլ» կուսակցության գրանցման գործընթացը:
- Այնքան դժվարություններ կան գրանցման հետ կապված: Բոլոր մարզերում պետք է ունենալ գրասենյակներ եւ այլն: Մենք կմնանք, այսպես ասած, վիրտուալ կուսակցություն, որն իր շուրջը կհամախմբի աննորմալ, լավ, մեր ժողովրդին պետքական եւ չպետքական մարդկանց:
- Փաստորեն, ընտրական գործընթացին մասնակցել չհաջողվեց:
-Ես, իհարկե, շատ կուզեի, բայց դուք պատկերացնում եք, թե ինչ մեծ արշավ էր պետք, կուսակցական արշավ: Ես պետք է գործս, տունս, տեղս, ամեն ինչ թողեմ՝ զբաղվեմ այդ «իդիոտ» գործո՞վ, իսկ ես ինձ ավելի լուրջ մարդ եմ համարում: Համենայնդեպս, այսպես, թե այնպես ցույց տվեցի, որ ինձ ավելի շատ են սիրում եւ հարգում, քան դրանց բոլորին: Այսինքն՝ գաղափարը, ոչ թե ինձ:
- Այս ընթացքում կուսակցությանն անդամակցելու քանի՞ առցանց դիմում էիք ստացել:
- Այս պահին չեմ կարող ասել, մեր կայքում պետք է լինեն թվերը: Առցանց ահագին գրանցված մարդ կա, գրանցումը դեռ շարունակվում է:
- Ընտրություններին չմասնակցելով հանդերձ քաղաքացիական ակտիվությունը պահպանելու՞ եք:
-Ինձ թվում է՝ ոչ մի խոչընդոտ չկա ակտիվությունը չպահելու հարցում, որովհետեւ այսպես, թե այնպես մեր վերաբերմունքը լինելու էր այն ամեն ինչին, որը կատարվում է մեր երկրով մեկ: Հիմա առավել եւս, քանի որ կա արդեն ՔԱՔ կուսակցությունը: Գրանցված է դա, թե՝ ոչ, այսպես, թե այնպես ինքը կա:
- Սկզբում հայտարարեցիք, որ կմասնակցեք ընտրություններին, մարդիկ անդամագրվեցին, հիմա չեք մասնակցելու, հուսախաբ չե՞ք անում մարդկանց, որոնք անդամակցելով ցանկանում էին քաղաքական սատիրայով վերաբերմունք հայտնել:
- Քաղաքական սատիրայով վերաբերմունքն արդեն հայտնված է եւ կշարունակվի հայտնվել: Էդ մասով հուսախաբ լինելն անիմաստ է, որովհետեւ մենք այսպես շարունակելու ենք, դա պարզ է: Ինչ վերաբերում է, որ ես պետք է գնայի Ազգային ժողովում նրանց հետ նստեի կամ 5 հոգով, որ գնայինք նստեինք ինչ-որ բա՞ն էր փոխվելու… իհարկե, կուզեի, որ քվեաթերթիկների մեջ լիներ «ՔԱՔ», դա իսկապես իմ նպատակներից մեկն էր: Դրա համար պետք է ես իմ ողջ կյանքը նվիրեի, որ ստացվեր, բայց դա իմ կյանքի պլանների մեջ չի մտնում, ավելի լուրջ եմ վերաբերվում իմ ժամանակին, իսկ առաջիկայում ավելի հետաքրքիր ակցիաներ կարող են լինել:
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում