▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եղիշեն ինքն իրեն ընկավ՝ մեռա՞վ. Մեյթիխանյանը՝ ամուսնու սպանության գործով մեղադրյալներին

armtimes.com-ը գրում է. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով երկրորդ դատական նիստը:

Հիշեցնենք, որ Խաչատրյանը սպանվել է 2016թ. հունիսի 4-ին Նուբարաշենի խճուղում մի խումբ անձանց կողմից դաժան ծեծի հետեւանքով:

Այս նիստին եւս դատարանի դահլիճը բազմամարդ էր. հավաքվել էին հիմնականում գործով հինգ ամբաստանյալների հարազատներն ու բարեկամները: Քանի որ հոսքը դատարան չէր դադարում, կարգադրիչները ստիպված եղան փակել դատարանի դահլիճի դռները, ինչի արդյունքում շատերը դրսում մնացին:

Նիստը սկսվեց ամբաստանյալների պաշտպանների կողմից նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնելով: Մասնավորապես ամբաստանյալ Յուրի Հակոբյանի պաշտպան Արմեն Նադիրյանի խոսքով՝ դատարանը կանխակալ վերաբերմունք ունի իր պաշտպանյալի նկատմամբ. «ՀՀ ՔՕ-ի 291-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործը վարույթ ընդունելուց ոչ միայն երեք օր անց, այլ նաեւ դրանից հետո իմ պաշտպանյալը չի ծանուցվել»,-նշեց նա: Մյուս պաշտպաններն էլ նշեցին, որ դատական նիստին ներկայանալու մասին ծանուցումները ստացել են դատական նիստից երկու օր անց՝ նկատելով, որ դա ոչ թե պատահականություն է, այլ՝ դիտավորություն: Ամբաստանյալ Խաչիկ Կոսյանի պաշտպան Վաչագան Քոսյանն էլ հավելեց, որ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը երկարացնելու մասին որոշումը նույն դատավորն է կայացրել. «Դուք այդ որոշումը կայացրել եք 23 վայրկյանում», -ասաց նա:

Տուժող կողմը չմիացավ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությանը։ Տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանն ասաց, թե ցանկանում է, որ գործը շարունակի քննել Աննա Դանիբեկյանը։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանն էլ ասաց, որ դատական նիստերի օրերի մասին կարելի է տեղեկանալ տարբեր միջոցներից եւ ոչ միայն ծանուցումների միջոցով։ Մեղադրող դատախազ Վարդգես Սարգսյանն առարկեց դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությանը՝ ասելով, որ պաշտպանների նշած «պատճառները» տեխնիկական բնույթ ունեն։ Շուրջ մեկ ու կես ժամ խորհրդակցական սենյակում մնալուց հետո նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը:

Որոշման հրապարակումից հետո ամբաստանյալներ Խաչիկ Կոսյանը նրա աներորդին՝ Արտաշես Չիչոյանը, ընկերները Յուրի Հակոբյանը, Արարտ Նիկողոսյանը եւ Արթուր Զաքարյանը ներկայացրեցին իրենց կենսագրական տվյալները, ինչից հայտնի դարձավ, որ գործով հինգ ամբաստանյալներից երեքը՝ Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանն ու Յուրի Հակոբյանը նախկինում դատապարտված են եղել: Հիշեցնենք, որ Խաչիկ Կոսյանն աշխատել է ԴԱՀԿ-ում, նա տարիներ առաջ դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման՝ երկու աղջկա կյանք խլած վրաերթը կատարելու համար:

Այս գործով մեղադրանքը պաշտպանում են դատախազներ Վարդգես Սարգսյանն ու Ռաֆայել Երիցյանը: Պաշտպանական կողմը բացարկ հայտնեց մեղադրող դատախազ Վարգդես Սարգսյանին, որը նախաքննության ընթացքում հիշյալ գործի նկատմամբ դատավարական հսկողություն էր կատարել: Մասնավորապես Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը բարձրաձայնեց նախաքննության ընթացքում թույլ տրված ապօրինությունների եւ դատավարական խախտումների մասին, ինչի վրա ըստ նրա՝ վերահսկող դատախազ Սարգսյանն աչք է փակել:

Նրա խոսքով՝ դատախազն անտեսել է նաեւ իր պաշտպանյալի առողջական վիճակի հետ կապված խնդիրները: Մասնավորապես ըստ նրա՝ Չիչոյանը եղել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, սակայն այդ փաստը քննչական մարմինը հերքել է այն հիմնավորմամբ, որ Չիչոյանը 5 տարի առաջ վարորդական վկայական է ստացել, այսինքն չէր կարող լինել հոգեպես անհավասարակշիռ վիճակում:

Յուրի Հակոբյանի պաշտպան Արմեն Նադիրյանն էլ իր հերթին բարձրաձայնեց իր պաշտպանյալի անմեղության եւ դեպքի օրը նրա այլուրեքության հաստատման մասին: Ըստ նրա՝ նախաքննական մարմինը միայն դեպքից 35 օր անց է ստուգել Հակոբյանի այլուրեքությունն ապացուցող հանգամաքնները, մինչդեռ նմանատիպ քննչական գործողությունները պետք է հապճեպ կատարվեին: Գործով պաշտպանները կարծիք հայտնեցին, որ մեղադրող դատախազն ի զորու չէ լինել անշահախնդիր, քանի որ գործի քննության հենց սկզբից կանխակալ վերաբերմունք է դրսեւորել:

Մեղադրող դատախազը, սակայն, առարկեց միջնորդության դեմ, նշելով, որ նախաքննության ընթացքում փաստերի՝ մասնավորապես տեսանյութերի միջոցով հերքվել է Հակոբյանի այլուրեքությունը:

Լսելով պաշտպանների պնդումները՝ սպանված Եղիշե Խաչատրյանի կինը՝ տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանը, վրդովված արձագանքեց. «Եղիշեն ինքն իրեն ընկավ՝ մեռա՞վ, կեցցե՛ք»: Նա ասաց, որ վստահում է մեղադրող դատախազին՝ հավելելով, որ նախաքննությունը դեռեւս իրեն գոհացնում է:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին