ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանին և Նիկոլ Փաշինյանին «Դատապարտյալների հիվանդանոց»-ում թույլ չեն տվել հանդիպել «Հաց բերող» անվամբ հայտնի Արթուր Սարգսյանին, ով արդեն 3-րդ օրն է հացադուլի մեջ է:Այս մասին տեղեկանում ենք Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջից:
Պատգամավորներին թույլ չի տրվել տեսնել նաեւ, թե նա ինչ պայմաններում է պահվում:
«Եթե անգամ արգելված է շփումը կալանավորված անձի հետ, բայց մեզ թույլ չեն տալիս տեսնել, թե ինչ վիճակում է պահվում: Ըստ էության սա ապօրինի որոշում է»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Տարբեր հիվանդություններով տառապող Արթուր Սարգսյանը նաեւ բուժում չի ստանում, քանի որ գտնվում է հացադուլի մեջ:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ այսօր պատրաստվում են հանդիպել Գլխավոր դատախազի հետ եւ ներկայացնել այս «աբսուրդ» իրավիճակը:
«Դատախազին միջնորդելու են փոխել խափանման միջոցը եւ անձնական երաշխավորություն ենք պատրաստ տալ, որ Արթուր Սարգսյանը հայտնվի ազատության մեջ»,- ավելացրեց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել էր «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող, Հաց բերող անունը ստացած Արթուր Սարգսյանին: