Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 13-ին Հայաստանի գրողների միությունում:
Մեծ գրողի անվան մրցանակը հանձնվեց գրող Արմեն Շեկոյանին «Հայկական ժամանակ» վիպական պատումի մեջ Հրանտ Մաթևոսյանի կերպարը լավագույնս ներկայացնելու համար:
«Արմեն Շեկոյանը մեր սերնդի լավագույն գրողներից է: Նրա «Հայկական ժամանակ» գործն ասես անվերջ է: Նրանում ներկայացվում են դեմքեր, դեպքեր, իրավիճակներ, իրադարձություններ, որոնք հեղինակը յուրովի է տեսել ու մեկնաբանել»,- նշեց ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Հրանտ Մաթևոսյանի կինը՝ Վերժինե Մովսիսյանն էլ նշեց.
«Արմեն Շեկոյանը մեր ընտանիքի լավագույն բարեկամն էր: Կար մի ժամանակ, երբ Արմենն ամեն օր մեր տուն էր գալիս: Նա շատ լավ զրուցընկեր էր, ում Հրանտը շատ սիրեց»:
Արմեն Շեկոյանը ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Հետագայում սովորել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում։ Աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում, «Ծիծեռնակ» ամսագրում, Գրական ինստիտուտում, «Սովետական գրող» հրատարկչությունում, ՀՀ Մշակույթի նախարարությունում։ Որոշ ժամանակ եղել է Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը։Նրա ստեղծագործությունները թարգմանվել է ուկրաիներեն, էստոներեն, ռուսերեն և չեխերեն։