armtimes.com-ը գրում է. Փաստաբան Մուշեղ Շուշանյանին այսօր «Արմավիր» ՔԿՀ-ի վարչակազմը թույլ չի տվել տեսակցել իր պաշտպանյալներ՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանին եւ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին:
Նախ, փաստաբան Մուշեղ Շուշանյանին մետաղորսիչ գործիքով ստուգել են եւ ոչինչ չհայտանբերելով՝ փորձել են խուզարկություն իրականացրել, ինչպես նաեւ զննել նրա մոտ գտնվող փաստաթղթերը:
Մի քանի օր առաջ Հիմնադիր խորհրդարանը տեղեկացրել էր, որ Ժիրայր Սեֆիլյանը «Արմավիր» ՔԿՀ-ում պահվում է խիստ պայմաններում եւ բացի դա երկու օր անընդմեջ խուզարկվել է նրա խուցը եւ ծիծաղելի իրեր առգրավվել: Այս թեմայի վերաբերյալ մեր հարցերին պատասխանել է Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարուժան Ավետիսյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը:
- Պարոն Շուշանյան, ի՞նչ պատճառով ձեզ չեն թույլատրել տեսակցել ձեր պաշտպանյալներ Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարուժան Ավետիսյանին:
- Այսօր ժամը 11:25-ի սահմաններում գնացել եմ «Արմավիր» ՔԿՀ՝ տեսակցելու իմ պաշտպանյալներ Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարուժան Ավետիսյանին. ներկայացրել եմ համապատասխան դիմում-պահանջագիրը: Երբ մուտք էի գործում փակ գոտի, աշխատակիցներն ինձ ասացին, որ պետք է զննեն ինձ մոտ գտնվող իրերը, ինձ մոտ բացառապես թղթեր էին, այլ իր չկար: Ես ասացի, որ մետաղորսիչ սարքավորումով կարող են ստուգել, ստուգեցին՝ ասացին՝ նորմալ է ամեն ինչ: Ինչից հետո մի անձ եկավ քաղաքացիական համազգեստով եւ սկսեց հարցնել, թե բացի գործին առնչվող նյութերից, այլ փաստաթղթեր կա՞ն ինձ մոտ, թե՝ ոչ: Ես պահանջեցի, որ ինքը ներկայանա, ներկայացավ որպես «Արմավիր» ՔԿՀ-ի պետի տեղակալ. իրեն ասացի, որ հրաժարվում եմ իր հարցին պատասխանել, ինչ փաստաթղթեր կան ինձ մոտ դա որեւէ մեկին չի վերաբերվում: Ինչից հետո ինձ ասացին, որ ես կարող եմ մուտք գործել այն դեպքում, եթե իրենք ուսումնասիրեն ինձ մոտ եղած փաստաթղթերը եւ ասացին, որ քաղաքական բնույթի փաստաթղթեր, քաղաքական բնույթի կոչեր պարունակող փաստաթղթեր ես իրավունք չունեմ ներս տանել: Ինչեւէ: Դրանից հետո ես ասացի, որ սա ապօրինություն է. ինձ թողեցին, որ ես մտնեմ տեսակցությունների համար նախատեսված սենյակ. ես գնացի, սենյակում նստած սպասում էի, որ պետք է Ժիրայր Սեֆիլյանին ուղեկցեն ինձ մոտ, սակայն եկավ կրկին այն անձնավորությունը մեկ այլ անձնավարության հետ, որը նույնպես ներկայացավ որպես «Արմավիր» ՔԿՀ պետի տեղակալ եւ նրանք սկսեցին ինձ բացատրել, թե օրենքի պահանջ է, որ իրենք կարող են զզնել: Ի պատասխան ես ասացի, որ իրենց գործողություններն ապօրինի են, իրենք չեն կարող փաստաբանին խուզարկել, նույնիսկ զննել փաստաբանի մոտ առկա փաստաղթերը, քանի որ դրանք կարող են պարունակել փաստաբանական գաղտնիք:
- Այսինքն՝ այդպես էլ Ժիրայր Սեֆիլյանին ձեզ մոտ չե՞ն ուղեկցել:
- Ոչ: Երեկար-բարակ խորհրդակցում էին, ելումուտ անում: Որոշ ժամանակ անց ինձ բանավոր հայտնեցին՝ գրավոր որոշում կկայացնենք ձեր տեսակցությունը արգելելու վերաբերյալ եւ հիմքերը ձեզ կտարամդրենք: Ես պահանջում էի ներկայացնել այն օրենքը՝ համաձայն որի արգելվում է պաշտպանյալի տեսակցությունը պաշտպանի հետ: Որոշ ժամանակ անց ինձ ասացին, որ որոշումը պատրաստ է, կարող եմ գնալ քարտուղարություն՝ ստանալու: Գնացի, սակայն պարզվեց, որ որոշումը պատրաստ չի: Ենթադրում եմ՝ չգիտեին ինչպես ձեւակեպել այդ որոշումը, երեք ժամ սպասելուց հետո, ստացա «Արմավիր» ՔԿՀ պետի որոշումը Սեֆիլյանի տեսակցությունը պաշտպան Մուշեղ Շուշանյանի հետ մերժելու վերաբերյալ: Նրանք հղում են անում Կառավարության որոշմամբ հաստատված քրեակատարողական հիմնարկների կանոնակարգի այն կետերին, որտեղ ասվում է, որ ՔԿՀ ելումուտ անող անձինք կարող են խուզարկվել եւ այլ եւ այլն: Ինչպես նաեւ մի կետի համաձայն, ըստ որի՝ կալանավորը իր մոտ բացի քրեական գործին առնչվող նյութերից, այլ փաստաթղթեր ունենալ չի կարող:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում