Քիչ առաջ Աբովյանի քննչական բաժնից ստորագրությամբ ազատ է արձակվել Արա Օսկանյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Արա Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի որդին՝ Ա. Օսկանյանը և Հ. Սիրադարյանը ձերբակալվել էին փետրվարի 17-ին՝ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալներով նրանք փետրվարի 16-ին` ժամը 17:00-ի սահմաններում Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի «Ռոբերտո» խանութ-սրահի հարակից հատվածից Ն.Բերբերյանին նստեցրել են ավտոմեքենայի մեջ, գնացել Աբովյան քաղաք և նրա կամքին հակառակ և իր առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով՝ ապօրինաբար զրկել ազատ տեղաշարժվելու իրավունքից և պահանջել վերադարձնել 1.500.000 ՀՀ դրամ պարտքը:
Քննիչի որոշմամբ նաև վարդան Օսկանյանի ազգականի՝ Հ, Սիրադարյանի նկատմամբ է որպես խափանման միջոց ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։