Երեկ` մարտի 6-ին, Արթուր Սարգսյանը, ով առավելապես հայտնի է որպես «Հաց բերող», ազատ է արձակվել: Մինչ այդ Ազատության հրապարակում Շահեն Հարությունյանը և մի խումբ երիտասարդներ փետրվարի 27-ից «Հաց բերող»-ին ազատ արձակելու նպատակով անժամկետ նստացույց էին հայտարերել: Asekose.am-ը զրուցել է Շահեն Հարությունյանի հետ՝ նստացույցի, հետագա պայքարի մասին և ոչ միայն:
-Շահեն, ի՞նչ տրամադրություն էր տիրում նստացույցի օրերին, արդյո՞ք հոգեկան անկումներ լինում էին, թե՞ վստահ էիք, որ ամեն ինչ բարեհաջող կավարտվի:
-Անկումներ չէին լինում, բայց հաճախ էինք մտորում, նստացույցի մասնակիցներով որոշակի բաներ էինք քննարկում, փորձում էինք հասկանալ, թե ինչու է ժողովուրդն անտարբեր, ինչու են քիչ թվով մարդիկ մասնակցում: Որպես կանոն` գիշերը մոտ 30-40 մարդ էր մնում, իսկ ցերեկային ժամերին համեմատաբար ավելի շատ մարդ էր մասնակցում, բայց մենք ավելին էինք սպասում: Մտածում էինք, որ ցերեկը մոտ 100-300 մարդ կհավաքվի, բայց անտարբերությունը շատ էր: Սկզբում նախատեսել էինք ամենօրյա երթեր իրականացնել այն նպատակով, որ մարդիկ ավելի շատանան, մտածում էինք, որ ամեն անգամ գոնե 50 հոգով մասնակիցների թիվը կմեծանա:
-Ըստ Ձեզ` ինչո՞վ է բացատրվում այն հանգամանքը, որ «Սասնա Ծռերի» ապստամբության օրերին փողոց դուրս եկած մարդկանց թիվն այդքան մեծ էր, իսկ այդ օրերին նույն պատկերը չկար:
-Այդ մասին էլ ենք մտածել, հասկացանք, որ ինչ-որ մի բան այն չէ: Նախ պետք է փաստենք, որ ժողովրդի մի հատված կրկին հիասթափված և հույսն արդեն կորցրած էր` մտածելով, որ նույնիսկ զինված տարբերակով ոչինչ չեղավ: Բացի այդ, մենք կարծում ենք, որ նախկինում այդքան շատ մարդու առկայությունն ինչ-որ մի ուժի կողմից էր ձեռնարկված, ինչպես նաև այն, որ ոչ բոլորն էին ցանկանում աջակցել երիտասարդներին: Կարծում եմ, որ մեծ դեր ուներ նաև այն, որ այն ժամանակ ամառ էր, ինչի շնորհիվ ավելի շատ մարդիկ էին հավաքվում, գիշերը մնալու խնդիր չկար, իսկ հիմա ցուրտ է, և վտանգներ կային երիտասարդների համար, բացի այդ` ոստիկանությունն էր ուժեղ ճնշում իրականացնում:
-Ի՞նչ տեսակ ճնշումների մասին է խոսքը` ֆիզիկական:
-Առաջին իսկ օրվանից ճնշումներ եղել են: Ավելի լավ էր դրանք լինեին բռնության տեսքով, քան այն ձևով, որով եղել էին: Ով մտնում էր Ազատության հրապարակ և մոտենում էր մեզ, մեկ-երկու ժամ հետո զանգում էին իրեն և ասում, որ ոստիկանությունն իրենց տանն է կամ համալսարանում ու դպրոցում: Գալիս էին, անունները ճշտում էին և տանում էին ոստիկանություն, սկզբում ասում էին, որ դա անվտանգության համար է արվում: Օրինակ` մի աղջիկ ունեինք, ով Գյումրիից էր, ում ծնողները Լեհաստանում էին ապրում, զանգել էին նրանց և ասել էին, որ իրենց աղջկա համար վատ է լինելու, հետո հորեղբորն էին բերման ենթարկել, ապա` նաև հորեղբոր որդուն` ասելով, որ մինչև այդ աղջիկը չգա, բաց չեն թողնելու: Հետո ասել էին, որ Լեհաստանից հետախուզում են հայտարարելու` իբրև թե երկրից փախել են, աղջկան էլ դատելու և համալսարանից հեռացնելու են: Նույնը կատարվում էր նաև Ապարանում, Էջմիածնում: Նույնիսկ ասում էին, որ նստացույցի մասնակիցները պետք է պարտադիր ստորագրեն, որ այլևս չեն մասնակցելու այս ամենին և ինձ հետ կապ չեն ունենալու: Մի տղա էլ կար, ով հրաժարվել էր որևէ բան ստորագրելուց, զանգահարել էին և ասել, որ եթե դա չանի, աշխատանքից կազատեն հիվանդանոցում բույժքույր աշխատող իր մորը, արդյունքում` ազատել են: Հոգեբանական ծանր ճնշումներ են իրականացրել:
-Ֆեյսբուքում արդեն կարելի է տեսնել քննարկումներ, որոնց համաձայն` հիմա բոլորն իրենց են վերագրում «Հաց բերող»-ին ազատելը: Ըստ Ձեզ` սա Ձե՞ր պայքարի արդյունք է:
-Այս ամենը նաև մեր պայքարի արդյունքն է: Կարծում եմ, որ եթե միայն պատգամավորների ստորագրությամբ պայմանավորված լիներ նրա ազատ արձակումը, ապա դա տեղի ունեցած կլիներ ավելի վաղ` մարտի 3-ին: Ես կարծում եմ, որ նրա ազատումը պայմանավորված է երկու գործոնով` նախ Արթուր Սարգսյանի, և երկրորդը` նստացույց անող մարդկանց վճռականությամբ: Միաժամանակ չեմ թերագնահատում պատգամավորներին, կազմակերպություններին, որոնք քայլեր էին ձեռնարկում: Շատ նշանակալից էր նաև Արթուր Սարգսյանի նամակը, որում նա ողջունում էր մեզ և նրա գրածից պարզ էր դառնում, որ նա հանուն ազգի իրավունքների պատրաստ է թեկուզ մինչև մահ պայքարել:
-Շահեն, կուզեի անդրադառնայիք այն մարդկանց, ովքեր աջակցում էին ձեզ նստացույցի օրերին: Քննարկվեց նաև Հրանտ Թոխատյանի մասնակցությունը, նույնիսկ ոմանք նրան «շպիոն» պիտակավորումը տվեցին:
-Ուզում եմ նշել այն մարդկանց անունները, ովքեր եկել էին մեզ մոտ` Անահիտ Բախշյան, Ստյոպա Սաֆարյան, Հովսեփ Խուրշուդյան, Արմեն Մարտիրոսյան, Նիկոլ Փաշինյան, Արամ Սարգսյան, Ազատ դեմոկրատներից շատերը, Եղիշե Պետրոսյան, Ռուբեն Հախվերդյան և այլ մտավորականներ: Ինչ վերաբերում է Հրանտ Թոխատյանին, նա նստացույցի երկրորդ օրվանից գիշերը եկել է Ազատության հրապարակ, առհասարակ, գալիս էր մեզ մոտ ամեն օր, այդ թվում` երեկոյան: Անգամ վերջին երթը մենք միասին էինք որոշել, թե որ ուղղությամբ պետք է շարժվեինք: Այդ մարդը փորձել է ամեն ձև մեզ աջակցել և չի վախեցել խնդիրներից, պիտակներից, չի վախեցել, որ իրեն ասեն, որ իրենց ջանքերով ավագանի է դարձել, հիմա ինչ է անում: Հրանտ Թոխատյանն այդ բարդույթներից դուրս է եկել, նա մեզ շատ է աջակցել, իսկ այն մարդկանց, ովքեր նրան «շպիոն» են անվանում, կարող եմ ասել, որ եթե Հրանտ Թոխատյանի պես «շպիոններ» Ազատության հրապարակում շատ լինեին, ապա Արթուր Սարգսյանը շատ շուտվանից ազատ կլիներ, ստիպված չէր լինի այդքան երկար հացադուլ անել: Հրանտ Թոխատյանն իր ընտանիքի հետ մասին էր գալիս` կնոջ և դստեր, այսինքն` նույնիսկ ընտանիքին էր կցել այս պայքարի մեջ: Երբ անձրև էր գալիս և ուզում էինք մեր աղջիկներին տանել մոտակա սրճարան, որպեսզի չմրսեն, Հրանտ Թոխատյանը 40 հազար դրամ հատկացրեց, որը սկզբից չէինք ցանկանում վերցնել, բայց պարտադրեց: Ծածկոցների և հագուստի մասին նույնիսկ ասելու չէ. նա մեզ աջակցել էր ամեն ինչով` ֆինանսապես, ֆիզիկապես, հոգեպես: Մենք այդ ամենից շատ էինք ոգևորվում, և պետք է թողնել մի կողմում, թե նախկինում ինչպես է եղել, մարդկանց պետք է դատել քայլերով և յուրաքանչյուր մարդ ունի սխալվելու հնարավորություն:
-«Հաց բերող»-ի ազատ արձակվելուց հետո խնդիրները չեն ավարտվի, ի՞նչ ձևով եք շարունակելու Ձեր պայքարը:
-Ես 2011 թվականից սկսել եմ իմ պայքարը, փորձում եմ անել հնարավորինը մեր խնդիրները լուծելու համար: Որպես այդպիսին` սա առաջին մասսայական նստացույցն էր, և այն ունեցավ հաջողություն: Ցավոք, մենք այնքան խնդիրներ ունենք, որ ամեն օր էլ նստացույց և հացադուլ անենք, տարիներ են պետք, սակայն արդյունքի համար պետք է հասկանալ կատարածիդ նպատակահարմարությունը, ժամանակահատվածը, թե երբ պետք է այն իրականացնես:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան