Ռուսաստանի Կրասնոդար երկրամասի Արմավիր քաղաքում մարտի 7-ի երեկոյան Լենին փողոցի բնակելի շենքի վերալակում հայտնաբերվել է 2 հայ տղամարդու դի: Այս մասին հայտնում է dni24 կայքը: Աղբյուրի փոխանցմամբ` անհայտ անձանց կողմից սպանված տղամարդիկ մեծածախ առևտրով են զբաղվել. նրանք ապրանքներ են գնել Մոսկվայում և վաճառել են Կրասնոդարում:
Պարզվել է, որ նրանց սպանել են բազմաբնակարան շենքի վերելակում:
Սպանվածների անունները չեն նշվում: Հայտնի է միայն, որ նրանցից մեկը՝ ծնված 1966թ., նույն շենքի բնակիչ է եղել: Երկրորդ տղամարդն ավելի երիտասարդ է եղել, նրա անձը դեռևս չի պարզվել:
Սպանված տղամարդկանցից մեկին ճանաչողները պատմել են, որ դեպքի նախօրեին գործարարներից մեկը խոշոր գումար է ստացել և պատրաստվում էր գնալ ապրանքի նոր խմբաքանակի հետևից:
Հարուցվել է քրեական գործ, նախաքննություն է ընթանում: