Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի «Եթերային ապարանք» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը:
«Գրքում մեր լավ ու վատ օրերն են, մեր կյանքն է՝ ձեռքբերումներով, կորուստներով: Ցավոք, կտեսնեք, որ կորուստները մի փոքր ավելին են եղել: Ներառված են վերջին 2 տարիների ստեղծագործությունները»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խաչիկ Մանուկյանը:
Իսկ, թե ինչո՞ւ «Եթերային ապարանք»,-բանաստեղծը կես կատակ, կես լուրջ պատասխանեց.
«Երկրի վրա չկարողացա սարքել, համ էլ՝ դրանք ի վերջո կործանվում են, փշրվում, իսկ եթերայինը չի կարող փշրվել, այն միշտ կմնա»:
Խաչիկ Մանուկյանը, ով «Հաց եմ բերել տղերք» երգի բառերի հեղինակն է, տեղեկացրեց նաև, որ նոր բանաստեղծություն է գրել «Հաց բերող»-ի մասին, որը հավանաբար կզետեղվի հաջորդ գրքում.
«Խիզախ, լուսավոր կերպար էր ու շատ եմ ափսոսում, որ այդպես վարվեցին նրա հետ: Իշխանությունը խոշտանգեց նրան: Նման վերաբերմունքն անընդունելի է, հատկապես այն մարդու նկատմամբ, ով հանցագործ չէր, ընդամենը հաց էր տարել: Ասում են՝ ամեն մարդ իր հոգու ընկալումներով է չափում աշխարհը, և այս դեպքում նրա հերոսականությունն այլ կերպ ընկալեցին: Երեկ նոր բանաստեղծություն եմ գրել՝ նվիրված Արթուր Սարգսյանին՝ «Հաց բերող»-ին.
«Քեզ էլ կերան, ախպե՛ր, քեզ էլ կերան
Մի լուսավոր մարդ է, հազար բերան
Սովյալ բորենինե՛ր, մահվան մերան
Քեզ էլ կերան, ախպեր, քեզ էլ կերան...»:
Անի Կարապետյան