Բաքվում է գտնվում Ռուսաստանի նախկին առաջին փոխարտգործնախարար, Մինսկի խմբում Ռուսաստանը ներկայացնող նախկին համանախագահ, ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության նախկին տնօրենի, ՌԴ հերոս, ՌԴ բանակի գեներալ Վյաչեսլավ Տրուբնիկովը, ով հարցազրույց է տվել ադրբեջանական կայքերից մեկին և մի քանի ուշագրավ հայտարարություններ արել։
Տրուբնիկովը նախազգուշացրել է ադրբեջանցիներին, որ եթե Արցախում կրկին պատերազմ սանձազերծեն, ապա կարող են նոր տարածքներ կորցնել։
Ռուսաստանցի դիվանագետը նաև հիշեցրել է Բաքվին, որ, բացի ազերի փախստականներից, որոնց մասին շատ են սիրում թմբկահարել Ադրբեջանում, կան նաև Ադրբեջանը լքած հայեր, որոնց հարցը ևս պետք է լուծում ստանա։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանը լքած 350 հազար հայերի մասին Բաքվում բացարձակ չեն սիրում հիշատակել։
Տրուբնիկովը նաև հիշել է 2000 թ-ի սկզբին Քի Ուեսթում (ԱՄՆ, Ֆլորիդա նահանգ) տեղի ունեցած Քոչարյան-Ալիև բանակցությունների մանրամասները և ևս մեկ անգամ ադրբեջանցիներին հիշեցրել, որ հենց Բաքվի դիրքորոշման պատճատով էր, որ դրանք կյանքի չկոչվեցին։ Ի դեպ՝ Տրուբնիկովը հարցազրույցում հիշել է, թե ինչպես է Քի Ուեսթյան բանակցություններից հետո արդեն Բաքվում Ադրբեջանի առաջնորդ Հեյդար Ալիևը զայրացել նրանց՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների վրա, որ այդպիսի փաստաթուղթ են պատրաստել և հրամցրել իրեն։ Համոզված եմ, որ նախկին խորհրդային ՊԱԿ-ի աշխատակից Տրուբնիկովը շատ լավ հասկացել է, որ իր գործընկեր Հեյդար Ալիևն, իրեն միամիտի տեղ դնելով, փորձել է չքմեղանալ ադրբեջանցիների աչքում և Քիուեսթյան մեղքերը բարդել համանախագահների վրա։
Տրուբնիկովը Ադրբեջանին հասկացրել է, որ Արցախյան հիմնախնդիրն ունի մեկ լուծում՝ երկուստեք փոխզիջումների միջոցով։ Այն, ինչ հիմա առաջ են տանում Բաքվում, ուտոպիա է, և հայերը միակողմանի զիջումների չեն գնա։ Անդրադանռալով չարչարկված ՄԱԿ ԱԽ-ի կողմից ընդունված իբրև թե 4 հակահայկական բանաձևերին և Հայաստանի կողմից դրնաց չիրականացմանը՝ Տրուբնիկովն ասել է. «Կան տասնյակ, եթե չասեմ՝ հարյուրավոր այդպիսի բանաձևեր, որոնք տասնյակ տարիներով մնում են թղթի վրա»։
Հիշեցնեմ, որ Վ. Տրուբնիկովը անցյալ տարի հոկտեմբերին նույնաբովանդակ հարցազրույց էր տվել baltnews.lv-ին, որը բավական մեծ աղմուկ էր բարձրացրել Ադրբեջանում։
Հ.Գ. Համոզված եմ, որ այս հարցազրույցը ևս մեծ իրարանցում է առաջացնելու մեր արևելյան հարևանների մոտ։ Վառ ապացույցը ոչ միայն պատերազմի դեպքում նոր տարածքների կորստի մասին Տրուբնիկովի նախազգուշացումն էր, այլև այն, որ ընդամենը մեկ ժամվա ընթացքում ազերիական կայքը արդեն երկու անգամ փոխել է Տրուբնիկովի հարցազրույցի վերնագիրը։ Չեն կողմնորոշվում Իլհամ Ալիևի խղճուկ գրչակները, թե ինչպես այս ամենը ներկայացնել ազերի հասարակությանը, որին մինչև հիմա համոզում են, որ ազերիների հայր Հեյդար բաբան անսխալ մարդ է եղել։