Այսօր Կոտայքի թեմի Եղվարդի Ս. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, որի հետևանքով հոգևոր հովիվ Տ. Հովնան քահանա Մաթևոսյանը հրաժարվել է հոգեհանգստյան կարգ կատարել Արթուր Սարգսյանի համար և հորդորել ներկաներին պարզապես իրենց մոմը վառել և աղոթք կատարել եկեղեցում, ցանկանում եմ պաշտոնապես պարզաբանել հետևյալը։
Ոչ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ոչ էլ Կոտայքի թեմի առանորդ Տ. Առաքել արք. Քարամյանի կողմից որևէ հրահանգ չի եղել եկեղեցիներում Արթուր Սարգսյանի համար հոգեհանգիստ չկատարելու վերաբերյալ։ Ի դեպ, Արթուր Սարգսյանի համար վերջին երկու օրերին հոգեհանգիստ է կատարվել արդեն մի շարք եկեղեցիներում ինչպես Հայաստանում, այնպես և Սփյուռքում։ Հայոց Եկեղեցին հոգեհանգստյան կարգ կատարում է իր բոլոր զավակների համար։
Հոգեհանգիստ չկատարելու որոշումը կայացվել է տվյալ քահանայի կողմից, երբ նա նկատել է, որ փորձ է կատարվում եկեղեցական արարողությունը քաղաքականացնել, երբ նրան սկսել են հարցումներ ուղղվել տեսախցիկի առջև։
Հորդորում ենք մեր Եկեղեցու զավակներին չտրվել հուզումներին, իսկ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին կոչ անում չշահարկել հանգուցյալ Արթուրի պարագան և զերծ մնալ անհարկի մեկնաբանություններից ու հանիրավի մեղադրանքներից։