▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դրամաշնորհների տրամադրում 11 լավագույն աշակերտական հասարակական կազմակերպություններին

Ս. թ. մարտի 23-ին «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» դասընթացի շրջանակներում մեծ հանդիսավորությամբ դրամաշնորհներ տրամադրեցին  11  աշակերտական հասարակական կազմակերպություններին  /ԱՀԿ-ներին/:  Այդ հասարակական կազմակերպություններն են`  Շիրակի մարզի Բասենի (Մուսայելյանի) միջնակարգ դպրոցի «Առաջնորդներ», Արմավիրի մարզի Բագարանի միջնակարգ դպրոցի «Պատանի բուսագետ», Արարատի մարզի Արարատի թիվ 5 միջնակարգ դպրոցի «Առաջընթաց»,  Վայոց Ձորի մարզի «Քայլ առաջ»,  Լոռու մարզի Վանաձորի թիվ 16 հիմնական դպրոցի «Վերածնունդ», Կոտայքի մարզի Ջրաբերի միջնակարգ դպրոցի «Արևներ», Արագածոտնի մարզի Արագածի թիվ 1 դպրոցի «Զարթոնք», Սյունիքի մարզի Գեղանուշի միջնակարգ դպրոցի «Արեգակ», Տավուշի մարզի Հաղարծինի միջնակարգ դպրոցի «Եղիցի լույս», Գեղարքունիքի մարզի Վարդենիկի կրթահամալիրի «Արմաթ» և Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոցի «Երևանը մենք ենք» ԱՀԿ-ները:

Միջոցառմանը  ներկա էին  վերոհիշյալ աշակերտական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ուսուցիչներ, դպրոցների տնօրեններ և այլ կազմակերպություններից հյուրեր:

Դրամաշնորհների հանդիսավոր հանձնման  առաքելությունը սիրով ստանձնեց HSBC Բանկ Հայաստանի գլխավոր տնօրեն պարոն Փոլ Էդգարը:  

Ստացված դրամշնորհային գումարները ԱՀԿ-ները կուղղեն տարաբնույթ հանրային և համայնքային ծրագրերի նախաձեռնմանը և  իրականացմանը:  Դրամաշնորհային մրցանակներին արժանանալու համար միմյանց հետ մրցակցել են  հանրապետության  բոլոր մարզերից ավելի քան 150 դպրոցների աշակերտական հասարակական կազմակերպություններ: Մրցույթը մեկնարկել էր  ս.թ. փետրվարի 1-ին: 

Մրցանակ ստանալու նպատակով վերոհիշյալ 150 դպրոցների ԱՀԿ-ները կազմել էին հայտ – առաջարկներ և ներկայացրել Պատանեկան նվաճումների գրասենյակ:  Ներկայացված հայտ - առաջարկների ամփոփման  արդյունքում էլ ընտրվել են  այն 11 լավագույն աշակերտական կազմակերպությունները, որոնցից յուրաքանչյուրին շնորհվեց  150 000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամի չափով դրամաշնորհ:

«Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն»  ծրագրի շրջանակներում անցած կիսամյակում՝ որպես ծրագրի գործարար միջոցառումների բաղկացուցիչ մաս, աշակերտները հիմնել  և գործարկել են “աշակերտական գործարար ընկերություններ” և նախաձեռնել են իրական բիզնես գործառնություններ.  ընտրել են բիզնես- կառավարիչներ, կատարել են  շուկայական հետազոտություն, կազմել են բիզնես- պլան, արտադրել են ապրանք կամ առաջարկել են ծառայություն, մշակել են գովազդային և վաճառքի ռազմավարություն:  Քանի որ վերոհիշյալ ծրագրի կարևոր բաղկացուցիչ մասն է կազմում նաև “Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմունքներ” բաժինը, հետևաբար աշակերտներն իրենց վաստակած գործարար շահույթի մի մասը հատկացրել են հանրային և համայնքային ծրագրերի նախաձեռնմանը, որոնց իրականացմանը ձեռնամուխ են եղել աշակերտական գործարար ընկերությունները հասարակական կազմակերպությունների վերափոխելու միջոցով: Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության  կողմից տրամադրված դրամաշնորհային գումարներն էլ կհամալրեն այդ նպատակով աշակերտների կողմից նախատեսված բյուջեն:

Ծրագրի նպատակներն են այդ համայնքների երիտասարդներին ոչ միայն հաղորդել տնտեսագիտական հիմնարար գիտելիքներ, այլ նաև նրանց ծանոթացնել շուկայական տնտեսության սկզբունքներին, զինել անհրաժեշտ ձեռնարկատիրական և ֆինանսական հմտություններով և կարողություններով: Ծրագիրը հատուկ ուշադրություն է դարձնում նաև մասնակիցների շրջանում նորարարական և ստեղծագործական մտածելակերպի զարգացմանը, ինչպես նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմունքների դասավանդմանը: Ծրագրի շնորհիվ մասնակիցները հասկանում են,  թե ինչ է նշանակում քաղաքացիական հասարակությունը և ինչպես կարելի է դառնալ այդ հասարակության լիարժեք անդամ: Ծրագրի շրջանակներում ծանոթանալով հասարակական կազմակերպությունների /ՀԿ-ների/ գործունեությանը և դրանց հիմնադրման գործընթացին, մասնակիցները  ընդգրկվում են  դպրոցական և համայնքային խնդիրների լուծման գործընթացում և  նրանց մոտ ձևավորվում է  դրական վերաբերմունք կամավորական աշխատանքների  նկատմամբ:

Հայաստանի պատանեկան վճաճումներ կազմակերպության գործունեությունը ֆինանսավորվում է JHM բարեգործական կազմակերպության և HSBC Holding plc-ի կողմից:

Ծրագրի առաքելությունն է`  Հայաստանի Հանրապետության խոցելի համայնքների երիտասարդների  շրջանում հավատ սերմանել սեփական ուժերի և վաղվա օրվա նկատմամբ:

Մանրամասն տեղեկությունների համար այցելեք կազմակերպության վեբ – կայք` www.jaarmenia.org:

Կարդացեք նաև՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը և «Օրրանն» ընդլայնում են գործակցությունը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին