▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները ձայներ են հավաքագրում ՀՀԿ-ի համար

 

civilnet.am-ը գրում է. Հայաստանում դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններն աշխատում են իշխող Հանրապետական կուսակցության օգտին ձայներ հավաքագրելով, որոշ դեպքերում սպառնացել են, որ ծնողները և ցուցակագրված այլ քաղաքացիներ պարտադիր քվեարկեն ՀՀԿ-ի օգտին, ահազանգում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն։

 «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը նշեց, որ իրենք ուսումնասիրել են  ընտրություններից առաջ իշխանության կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին խոսակցությունները դպրոցներում և մանկապարտեզներում։ Կազմակերպության աշխատակիցները, ներկայանալով որպես ՀՀԿ շտաբի անդամներ, զանգահարել են 136 հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրենների և հարցուփորձ արել հավաքագրվող ցուցակների մասին:

Արդյունքում պարզվել է, որ հանրապետության բոլոր մարզերը և Երևանի բոլոր տարածքներն ընդգրկող 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրեններ «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ի աշխատակիցներին հեռախոսով մանրամասն պատմել են հավաքագրած ցուցակների մասին: Դանիել Իոաննիսյանն ասում է, որ 136 տնօրեններից միայն 22-ն են հերքել ՀՀԿ-ի համար ցուցակների հավաքագրումը։ «Ենթադրում եմ, որ որոշ դեպքերում գլխի են ընկել, որ զանգողը ՀՀԿ շտաբից չէ, իսկ որոշ դեպքերում էլ զայրացած հայհոյել են հանրապետականներին՝ նշելով, որ դպրոցն ապաքաղաքական մարմին է»,- ասաց Իոաննեսյանը:

Որոշ դպրոցների տնօրեններ հայհոյել են՝ ասելով, որ դպրոցն ապաքաղաքական մարմինե է

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տնօրենները ցուցակները հավաքում են թե՛ անձամբ, թե՛ ուսուցիչների, իսկ մանկապարտեզներում՝ նաև դայակների միջոցով: Օրինակ, Վաղարշապատի թիվ 11 դպրոցի տնօրեն Մարգարիտ Սարգսյանն ասել է, որ մարզպետարան է ներկայացրել 408 և 223 հոգանոց ցուցակ Սեյրան Սարոյանի համար։

Երևանի թիվ 34 դպրոցի տնօրեն Նաիրա Մանուկյանն ասել է, որ ծնողների և նրանց ծանոթների 70 հոգուց բաղկացած ցուցակ է ներկայացրել թաղապետարան։ (Դպրոցի տնօրենների անունները և ձայնագրությունը կցված է նյութին ակտիվ լինքով)։

Դանիել Իոաննիսյան ասաց, որ ցուցակների ծավալները տարբեր են՝ միջինը դրանց չափը 240 է դպրոցներում և 150՝ մանկապարտեզներում, իսկ երբեմն դրանք հասնում են անգամ 1700-ի․ «Ցուցակներում հիմնականում երեխաների ծնողներն են: Անգամ եղել է տնօրեն (Գյումրու թիվ 37 դպրոցի), որն ընդունել է, որ վախեցրել է մարդկանց, որ անպայման Հանրապետականին ընտրեն»։

Ըստ Իոաննեսյանի՝ որպես կանոն մարզերում ցուցակները փոխանցվում են մարզպետարանի կրթության վարչություններ ու քաղաքապետարաններ, իսկ Երևանում՝ վարչական շրջանի աշխատակազմեր (թաղապետարաններ):

«Սա համակարգված հանցագործություն է և վարչական ռեսուրսի չարաշահում, սա մեկ կամ երկու դեպք չէ, տնօրենները ստացել են հանձնարարական և կատարել են այն։ Տեսե՛ք, նրանք՝ տնօրեններից շատերը․ տալիս էին կոնկրետ թեկնածուների անուններ, որոնց թվում են հանրապետական Արայիկ Հովհաննիսյանի, Արտակ Սարգսյանի («Սասի Արտակի»), Միհրան Պողոսյանի, Սամվել Ալեքսանյանի, Արման Սահակյանի, Վահրամ Բաղդասարյանի, Սեյրան Սարոյանի, Սամվել Սանանյանի, Գեղամ Հովոյանի, Հակոբ Հակոբյանի, Բագրատ Հարությունյանի, Ռաֆիկ Գրիգորյանի անունները»,- ասում է Իոաննեսյանը:

Կրթության ու գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արթուր Բաղդասարյանը ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան ասաց, որ իրենք արդեն տեղյակ են և պատրաստում են հատուկ զեկույց նախարարին ներկայացնելու համար, ինչից հետո նախարար Լևոն Մկրտչյանը կտա հատուկ հանձնարարական, որը և կտրամադրվի լրատվամիջոցներին։

Կայքը կապվեց նաև ՀՔԾ աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանի հետ։ Նա տեղեկացրեց, որ այդ հարցով նախ պետք է զբաղվի ոստիկանությունը և նութեր նախապատրաստելուց հետո ուղարկի ՀՔԾ։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանն ասաց՝ «Կուսումնասիրենք, տեղյակ կպահենք»։

Դպրոցների տնօրենների հետ ձայնագրությունների ցանկը

Մանկապարտեզների տնօրենների հետ ձայնագրությունների ցանկը

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝ ՀՀԿ-ի արձագանքը` դպրոցների ու մանկապարտեզների 114 ձայնագրության վերաբերյալ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին