▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայոց Եկեղեցու գործունեությունն այն դաշտը չէ, որտեղ պետք է փորձակել քաղաքական հնարքները. Տ. Վահրամ քահանա Մելիքյան

 Մարտի 23-ին «Հոգևոր Հայաստան» համաժողովին «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն իր խոսքում քննադատություն է հնչեցրել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հասցեին, թե Առաքելական եկեղեցին պետք է կարողանա իր հիմնական, իր պատմական առաքելությունը կատարել, ժողովրդի պաշտպանը լինել, մարտահրավեր նետել իշխանություններին, եւ որ այն դարձել է ուղղակի իշխանությունների շարունակությունը։

Այս հայտարարությունը մեկնաբանել է Մայր Աթոռ Ս Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը։ Վերջինս նշել է.

«Տարակուսանքով ծանոթացանք պրն. Վարդան Օսկանյանի կողմից Հայ Եկեղեցու գործունեության վերաբերյալ հնչեցրած գնահատականներին։

Անընդունելի են որևէ տեսակի նկրտումով ազգային արժեքների և սրբությունների ոտնահարման փորձերը։ Հեռավոր անցյալում չեն այն օրերը, երբ նույն պետական գործիչը, իբրև գործող իշխանությունների ներկայացուցիչ, այլ կեցվածք և վերաբերմունք ուներ միևնույն Եկեղեցու վերաբերյալ, իբրև ԱԳ նախարար հաճախ ապավինում էր Մայր Աթոռի և եկեղեցական տարբեր կառույցների հետ գործակցությանը՝ ի շահ Հայրենիքի, նաև Արցախի մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության միջազգային հարթակներում, հանուն ազգային համախմբման և կամ Սփյուռքի ներուժի կոնսոլիդացման։ Ի՞նչ փոխվեց պետական գործչի նկարագրում և արժեքային համակարգում քաղաքական դաշտում այժմ ստանձնած դերակատարությամբ։

Պետք չէ ընտրողների համակրանքը փորձել շահել նման պախարակելի միջոցներով՝ ցեխարձակումներ կատարելով ազգի նվիրական հոգևոր կառույցի հանդեպ, որն իրեն ուղղորդել ցանկացող բազում նման գործիչների տեսել է պատմության մեջ, սակայն իր առաքելության բարձր գիտակցությամբ, հավատարիմ իր սկզբունքներին շարունակել է անշեղորեն իր ծառայությունը բերել ժողովրդին, նպաստել հայոց անկախ պետականության կայացմանն ու ամրապնդմանը։ Որևէ անձ, առավել ևս մեր ժողովրդի քաղաքական առաջնորդությանը հավակնող մեկը իրեն իրավունք չպիտի վերապահի նման անհեթեթություն, զրպարտանք հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցեին, որի պատասխանատվությունն այս ժողովրդի հանդեպ անհամեմատ մեծ է և վաստակը՝ անչափելի։

Բոլորին հարկ է գիտենալ, որ Հայոց Եկեղեցու գործունեությունն այն դաշտը չէ, որտեղ պետք է փորձակել քաղաքական հնարքները»։

Նյութի աղբյուրը`Lragir.am

Կարդացեք նաև` Եկեղեցին դարձել է իշխանության շարունակականությունը. Վարդան Օսկանյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին