▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրանք չեն ապահովելու մեր հայրենիքի առաջընթացը...Սեյրան Օհանյանն՝ իշխանությունների մասին

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի առաջնորդ, ՀՀ ՊՆ նակին նախարար Սեյրան Օհանյանը,  դիմելով ՕՐՕ դաշինքի հանրահավաքի մասնակիցներին, ասել է.

–Ես դիմում եմ ձեզ այն վճռականությամբ, որ մենք ձեզ հետ միասին ենք մեր հաղթական ճանապարհները կերտել և այսուհետ միասին ենք կերտելու: Այս օրերին մենք շատ ենք խոսում հերոսների մասին, որովհետև մեր ժողովրդի անցած ճանապարհը հերոսական ճանապարհ է, մենք միասին ենք մաքառումով, միասնական պայքարով, դժվարությունններով և նաև պատերազմի դաժանությունների հորձանուտով անցել: Այսօր հերոսներին բնութագրել այն մթնոլորտից դուրս, որտեղ որ նրանք հերոսացել են, նշանակում է կողոպտել նրանց ընդհանրական հատկանիշները: Ըստ էության, նրանք հերոսացել են մեր ժողովրդի հետ միասին, այսինքն՝ հերոս է մեր ժողովուրդը: Մեզ համար ամոթ է 21-րդ դարում այսպիսի իրավիճակում գտնվել, տնտեսության այսպիսի իրավիճակում, ոչ բարեկեցիկ պայմաններ, ժողովրդագրական խնդիրներ, արտագաղթ, սահմաններից արտահոսք դեպի կենտրոններ, և այդ ամենի համար մենք ևս մեկ անգամ պատրաստ պետք է լինենք զարթոնքի: Մենք ձեր հետ միասին ենք ապահովել հաղթանակը: Մենք քաջ պետք է գիտակցենք՝ առաջիկա 5–10 տարիների ընթացքում ո՞ւմ պետք է վստահենք մեր քվեն, ովքե՞ր այն մարդիկ, ովքեր անմնացորդ նվիրված են հայ ժողովրդին, անմնացորդ նվիրված են հայրենիքին, որպեսզի այդ 5–10 տարիների ընթացքում չզջանք, նորից չընկնենք այն վերլուծությունների, ամփոփումների գիրկը, որ վերցրեցինք ընտրակաշառքներ և ընտրակեղծումներով մեր երեխաների ապագան հանձնեցինք այն արատավոր երևույթները կրողներին, ովքեր որ չեն ապահովել, և, վստահ եմ, որ չեն էլ ապահովելու մեր հայրենիքի առաջընթացը: Մենք այսօր պետք է ասենք՝ հերի՛ք է անարդարությանը, հերի՛ք է արատավոր երևույթներին: Մեր նման երկրները, որոնք չունեն ելք դեպի ծով, նորմալ ենթակառույցներ, չեն օգտվում տարածաշրջանային նախագծերից, բնական լուրջ ռեսուրսներ չունեն, այսպիսի իրավիճակից դուրս են գալիս միայն ու միայն արդարության շնորհիվ, և մենք պատրաստ ենք մեր թիմով, ձեր հետ միասին, ժողովրդի հետ միասին, վճռական քայլերով գնալ դեպի առաջընթաց, ստեղծել վստահության մթնոլորտը:

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում կայացած Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի հրավիրած հանրահավաքին մասնակցում էր նաև Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը: Նա նույնպես հարթակում էր: Իսկ հանրահավաքից հետո բոլորի հետ միասին մասնակցեց երթին՝ «Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին» կարգախոսով. երթուղին՝ Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոց–Հանրապետության հրապարակ–Նալբանդյան փողոց–Սայաթ–Նովա փողոց–Ազատության հրապարակ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին