Ժամեր առաջ Միացյալ Նահանգները տասնյակ հեռակառավարվող հրթիռներով հարվածել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ավիաբազաներից մեկին` արձագանքելով այս շաբաթ ավելի վաղ այդ երկրում քիմիական զենքի գործադրմամբ հարձակմանը, որի հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներ էին զոհվել:
Սիրիական քաղաքացիական պատերազմի վեց տարիների ընթացքում սա ամերիկյան առաջին ուղիղ հարվածն է Ասադի ուժերին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացի ժողովրդին ուղղված ելույթում նշել է, որ վերոնշյալ գործողությունները ձեռնարկվել են Միացյալ Նահանգների ազգային կենսական շահերը պաշտպանելու համար: Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը թիրախավորել է հենց այն ավիաբազան, որը Սիրիայի իշխանություններն օգտագործել են քիմիական զենքով հարվածը հասցնելու նպատակով:
Ամերիկյան հարվածից առաջ ռուսաստանյան դիվանագետները զգուշացրել էին, որ եթե Միացյալ Նահանգները ձեռնարկի նման «արկածախնդիր և ողբերգական քայլ», դրա «բացասական հետևանքների» ամբողջ պատասխանատվությունը կկրի Վաշինգտոնը:
Պաշտոնական Մոսկվան շարունակում է սատարել Ասադին՝ պնդելով, թե կառավարական զինուժն ընդամենը հարվածել է խոշոր զինապահեստներից մեկին, որտեղ ահաբեկիչները քիմիական զենք են պահել:
Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մուալեմը ևս բացառել է իրենց մեղսակցությունը կատարվածին:
Չորեքշաբթի օրը Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգ մտցրին Իդլիբ նահանգում քիմիական զենքի օգտագործումը դատապարտող բանաձևի նախագիծ, որով գազային հարձակման ամբողջ պատասխանատվությունը դրվում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմի վրա:
Վերջին տվյալներով, Իդլիբ նահանգում իրականացված այդ հարձակման հետևանքով զոհվել է 80 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 երեխա:


