Armtimes.com-ը գրում է. Օրերս լրատվամիջոցները հրապարակել էին «Ծառուկյան» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Նապոլեոն Ազիզյանի դիմումը, որի համաձայն նա հայտնում է ինքնաբացարկ եւ հանում իր անունը «Ծառուկյան» դաշինքի ցուցակից: Վերջինս, սակայն հայտարարել էր, թե չի պատրաստվում հրաժարվել մանդատից:
Այսօր Նապոլեոն Ազիզյանից հետաքրքրվեցինք՝ այդ թեմայով խոսե՞լ է Գագիկ Ծառուկյանի կամ ԲՀԿ ղեկավարներից որեւէ մեկի հետ: Ազիզյանն ասաց, որ վատառողջ է եւ նշեց, որ առողջանալուն պես կփորձի նրանից պարզել, թե ով է տարածել այդ դիմումը, որը կա միայն իր եւ նոտարի մոտ:
Հարցին, թե պատրաստվո՞ւմ է հրաժարվել մանդատից՝ Ազիզյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, ոչ հրաժարվել եմ, ոչ էլ հրաժարվելու եմ»:
Նրա փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանն էլ պնդեց, որ այդ դիմումը ընտրություններից հետո կորցրել է իր իրավական ուժը:
- Պարոն Հովհաննիսյան, «Ծառուկյան» դաշինքի կողմից որեւէ պահանջ ներկայացվե՞լ է պարոն Ազիզյանին, թե՞ ամեն ինչ խոսակցությունների մակարդակով է:
- Ոչ, նման պահանջ չկա, ինքն էլ դեռ չի հանդիպել ղեկավարության հետ, տանն է, ինձ թվում է աշխատանքային օրերին կերեւա: Ուղղակի ինչ-որ մեկը իր մանդատի հարցերը լուծելու համար փորձել է պարոն Ազիզյանի անունը դնել շրջանառության մեջ, իր համար տեղ ազատել: Բնական է ցուցակից դուրս ինչ-որ մեկն է, որ էդ անցողիկ 30-ի կամ 31-ի մեջ չի:
- Ռեյտինգայինով թիվ 4 ընտրատարածքում իրենից հետո Վահե Էնֆիաջյանն է, նա՞ է խոսակցությունը շրջանառության մեջ դնողը, թե՞ համամասնական ցուցակից որեւէ մեկն է:
- Ինձ էլ է թվում, որ համամասնականի խնդիր կարող է լինել, ինձ այդպես է թվում:
- Չգիտե՞ք ով է:
- Չէ, չգիտեմ ով է, որովհետեւ ով մութ քայլեր է անում՝ պարզ է չի բացահայտվի, չի ասի, թե ինչ է անում, ինչ նպատակով, դրա համար ինձ էլ պարզ չի, թե ով է, ինչ է անում: Պարզ է, որ իրավական ոչ մի գործընթաց չի կարող լինել, որովհետեւ ոչ մի ցուցակ էլ դեռ հաստատված չի:
- Կուսակցությունից Նապոլեոն Ազիզյանի հետ չե՞ն փորձել խոսել:
- Իր հետ ոչ մի խոսակցություն չի եղել, ոչ աշխատանքային օրեր էին այս ընթացքում:
- Դուք պարոն Ազիզյանի հետ խոսե՞լ եք, ինչու է ստորագրել նման դիմումի տակ:
- Էդ դիմումը ստորագրել է փաստաթղթերը հանձնելու օրը, երբ որ թղթերը տվել է: Ինքը գումար չի ունեցել շտաբներ բացելու եւ այլնի համար, դիմումը գրել է, որ եթե մինչեւ ամսի 16-ը (երբ որ ցուցակները հրապարակվում են) գումար չունենա, պետք է հրաժարվի առաջադրվելուց: Բայց քանի որ պարոն Ծառուկյանը խոստացավ, որ կաջակցի, դրա համար այդ դիմումը ուժը կորցրեց: ԸՕ 90 հոդվածի 2-րդ մասն ասում է, որ երկու տեսակի դիմում կա. 1. եթե թեկնածու ես առաջադրվում եւ ինչ-որ պատճառով չես մասնակցելու ընտրություններին, ապա ընտրություններից 10 օր առաջ մինչեւ 18:00-ն պետք է դիմում ներկայացնես, որ քվեաթերթիկում քո անունը չլինի: Դա մինչեւ թեկնածու գրանցվելն է: Իսկ ընտրություններից հետո մեկ այլ դիմում կա, որ ընտրված թեկնածուն հրաժարվում է մանդատից: Պարոն Ազիզյանը որեւէ դիմում չի ներկայացրել ամսի 3-ից հետո, ինքն էլ նպատակ չունի հրաժարվել մանդատից, մասնակցել է ընտրություններին ինչի՞ համար, հո նրա համար չի՞ առաջադրվել, որ ձայներ բերի, առաջադրվել է՝ պատգամավոր ընտրվելու համար:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում