Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը հերքում է, թե ռուսաստանաբնակ գործարար, «Ռուցոգ ինվեստ» ընկերության նախագահ Ռուբեն Գրիգորյանն է ֆինասնավորում իր ղեկավարած «Երկիր ծիրանի» կուսակցությունը:
Մամուլն այսօր գրել է, թե Փոստանջյանը միլիարդների կարողություն ունեցող գործարարի հետ համագործակցում է դեռ անցած տարվանից:
Նշենք, որ «Ռուցոգ ինվեստ»-ը Ռուսաստանում զբաղվում է բնակելի և կոմերցիոն շենքերի շինարարությամբ։
Փոստանջյան. - Նախ պետք է ասեմ, որ, իհարկե, Ռուբեն Ցոլակովիչն իմ լավ ընկեր-բարեկամն է, և հայ ժողովրդի լավագույն ներկայացուցիչներից մեկն է, ով մեծ մտավորական է նաև։ Ոչ միայն գործարար է, այլ նաև ղեկավարում է և ստեղծել է, հիմնադրել է թանգարան Մոսկվայում, և իմ ընկերն է։ Բայց, ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա կարող եմ ասել, որ մենք աջակցություն կարող ենք ստանալ ցանկացած հայից, որովհետև մեզ ցանկանում են աջակցել բազմահազար հայեր, և այդ մասին նրանք նաև հայտնում են մեզ հենց կուսակցության հիմնադրման օրվանից՝ աշխարհի տարբեր ծայրերից, այնպես որ, Ռուբեն Ցոլակովիչն իմ լավ ընկերն է, բայց ֆինանսական տեսանկյունից մենք կարող ենք աջակցություն ակնկալել և ստանալ բազմաթիվ հայերից՝ աշխարհի տարբեր ծայրերից։
«Ազատություն». - Բայց նրանից նույնպե՞ս ֆինանսական աջակցություն ստացել եք։
Փոստանջյան. - Ո՛չ, նրանից մենք ֆինանսական աջակցություն չենք ստացել, բայց ինքն իմ լավագույն ընկերներից մեկն է։
«Ազատություն». - Նա ինչպիսի՞ հարաբերությունների մեջ է Հայաստանի իշխանությունների հետ։ Նորից ընդդիմադիր հայացքներ ունի՞ ինչպես Դուք, նա կիսո՞ւմ է Ձեր ընդդիմադիր հայացքները։ Որովհետև սովորաբար ռուսաստանաբնակ գործարարները իշխանամերձ են լինում։
Փոստանջյան. - Կարծում եմ, որ Դուք տեղեկացված եք, որ նրա կողմից հրապարակվեց մի հայտարարություն, որը վերաբերվում էր Հայաստանի գործող իշխանություններին։ Իհարկե նա այստեղ նաև իր բարեգործություն է իրականացրել, բայց միայն բարեգործություններով հնարավոր չէ երկիրը ուղղել կամ շտկել, կամ տնտեսական վիճակը բարելավել։ Նա հասկանում է, որ քաղաքական համակարգը պետք է փոխվի, և այդ մասին նա նաև հրապարակավ ելույթ է ունեցել։
«Ազատություն». - Նա որևէ առումով կապ չունի՞ «Երկիր ծիրանի» կուսակցության հետ՝ ոչ միայն ֆինանսական, այլ նաև գաղափարական։
Փոստանջյան. - Նա լավագույն ընկերն է, կարծում եմ նաև իմ գաղափարական հայացքները կկիսի, որովհետև մենք իր հետ ընկերներ ենք և խոսել ենք այս ամենի մասին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում