ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Յուրի Խաչատուրովն ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Յուրի ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ ազատել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից»,-ասված է Նախագահի ստորագրած հրամանագրում։
Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը նշանակվել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)գլխավոր քարտուղար։
Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կստանձնի այսօրվանից։
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման մասին հարցը քննարկելիս միաձայն որոշում է կայացվել մայիսի 2-ից այդ պաշտոնին նշանակել Յուրի Խաչատուրովին»,- ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքներով լրագրողներին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:
Կենսագրություն
Ծնվել է 1952թ. հունվարի 5-ին Խորհրդային Վրաստանի Թեթրիծղարո (այժմ՝ Տետրի-Ցկարո) քաղաքում:
Կրթություն
1969թ. ավարտել է Թեթրիծղարոյի միջնակարգ դպրոցը:
1969-1974թթ. սովորել է Թբիլիսիի հրետանային հրամանատարական Կարմիր շքանշանի ուսումնարանում:
1982-1985թթ. Սանկտ Պետերբուրգի Կալինինի անվան ռազմական հրետանային ակադեմիայի հրամանատարական ֆակուլտետի ունկնդիր:
Աշխատանքային գործունեություն
1976-1982թթ. հեռավոր արևելյան զինվորական օկրուգի հրետանային դիվիզիոնի հրամանատար:
1985թ.՝ Բելոռուսի զինվորական օկրուգի տանկային դիվիզիայի հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետ:
1987-1989թթ. Աֆղանստանի 40-րդ բանակի 5-րդ գվարդիական մոտոհրաձգային դիվիզիայի հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետ:
1989թ. Բելառուսի զինվորական օկրուգի տանկային բանակի առանձին հրետանային բրիգադի հրամանատար:
1992թ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 2-րդ մոտոհրաձգային գնդի հրամանատար:
1992թ. Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի վարչության պետ:
2000-2008թթ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ:
2009թ. Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:
2016թ.-ից Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։
Ձեռքբերումներ
1995թ. Հայաստանի Հանրապետության գեներալ-մայոր:
2000թ. Հայաստանի Հանրապետության գեներալ-լեյտենանտ:
2008թ. Հայաստանի Հանրապետության գեներալ-գնդապետ:
«ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայության համար» շքանշան:
Աֆղանական «Աստղ» 2-րդ աստիճանի շքանշան:
«Մարտական Խաչ» շքանշան:
«Վարդան Մամիկոնյան» շքանշան:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալ:
«Մարշալ Բաղրամյան» մեդալ:
«Անդրանիկ Օզանյան» մեդալ: