▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեք օր՝ որոշումն ընդունելու և գործողությունը կատարելու համար.Փոփոխություններ՝ արդարադատության ոլորտում

Փոփոխություններ են սպասվում մարդու իրավունքների, արդարադատության  ոլորտներում, ինչպես նաև  կոռուպցիայի դեմ պայքարում:

«Փորձելու են նվազագույնի հասցնել ԴԱՀԿ-ի կողմից հայեցողական գործողություններ կատարելու շրջանակը: Նախագծով հստակ սահմանափակում է դրված: Եթե կոնկրետ գործողության կատարման կամ որոշման կայացման առիթը ծագել է, ապա հարկադիր կատարողն ընդամենը 3 օր ունի որոշումն ընդունելու և գործողությունը կատարելու համար: Հստակ ժամկետ է սահմանվել նաև հարկադիր աճուրդների կազմակերպման հարցում: Գործող օրենքով հստակ ժամկետ չկար, թե հարկադիր կատարողը երբ կարող է աճուրդ կազմակերպել, սա սահմանափակել ենք: Հարկադիր կատարողը սա այլևս չի կարող ձգձգել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Նրա փոխանցմամբ՝ փոփոխություն է սպասվում նաև անվճար իրավաբանական օգնության ոլորտում.

Հանրային պաշտպանի գրասենյակն անվճար օգնություն կազմակերպում է ոչ միայն իր գրասենյակի  աշխատողների միջոցով, այլև Փաստաբանական դպրոցի ունկնդիրների, իրավաբանների միջոցով, որոնք անվճար խորհրդատվություն տալու ցանկություն են հայտնել:

Դատական համակարգում ևս  փոփոխություններ կարվեն.

«Նախագիծը ներկայացվել է ԱԺ քննարկման: Նախ վերանայվելու է  գործող դատավորների քանակը, ինչպես նաև մինչ դատական վարույթին վերաբերող վերահսկողական գործառույթները՝ կալանավորում, խափանման միջոց և այլն, դատարաններում կիրականացվեն բացառապես քրեական մասանգիտացում ունեցող դատավորների կողմից: Բացի այդ՝ նախատեսվում է Վճռաբեկ դատարանի նոր պալատի ստեղծում , որը կքննի վարչական գործերը»,-տեղեկացրեց  Արթուր Հովհաննիսյանը:

Նրա հաղորդմամբ՝ կսկսվի նաև դատական արխիվների էլեկտրոնացման գործընթացը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հաղորդմամբ էլ՝ հունիսի սկզբից կունենանք պայմանական վաղաժամկետ ազատման նոր համակարգ.

«Անկախ հանձնաժողովի քննելուց հետո որոշումը կկայացնի  դատարանը»,-նշեց Սուրեն Քրմոյանը:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին