news.am-ի տեսանյութում. Շամիրամում սպանդի ականատեսը նոր մանրամասներ է հայտնում
Հիշեցնենք, որ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Անհայտ անձը՝ զինված ինքնաձիգով, մտել է Շամիրամ գյուղում գտնվող հանդիսությունների սրահ և կրակոցներ արձակել այնտեղ գտնվող քաղաքացիների ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում այսօր տեղի ունեցած շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց սպանության դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ անձնական անբարյացակամ հարաբերություններից դրդված, մուտք է գործել շինություն, կրակոցներ արձակել այնտեղ գտնվող մարդկանց ուղղությամբ և դիմել փախուստի: Կրակոցների հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից 3 անձ մահացել է տեղում, 1-ը` բժշկական կենտրոնում, 6 անձ՝ տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել բժշկական հաստատություններ:
Ստեղծվել է քննչական խումբ: Մասնագետների ներգրավմամբ իրականացվում է դեպքի վայրի զննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական համատեղ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում էանմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: