«Եթե Հրազդանի քաղաքապետի որդու մասնակցությամբ դժբախտ դեպք է արձանագրվել, հարուցված է քրեական գործ, ապա ինչ հիմքով, իրավունքով պետք է նրա գիտելիքի, նրա ուսման համար նախատեսված պարգևը չտրվի նրան: Հորդորում եմ՝ իրար հետ չխառնել երկու հարթություն, հիմա եթե որևէ մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցված, բայց նա սպորտի բնագավառում մեդալակիր է, ի՞նչ անենք, մեդալը վերցնե՞նք նրա ձեռքից»,-լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն՝ անդրադառնալով Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդուն ոսկե մեդալ շնորհելու փաստին:
Ըստ նախարարի՝ անկախ նրանից՝ պաշտոնյայի զավակ է, թե` ոչ, դժբախտ դեպք է եղել, թե` ոչ, երեխան ոսկե մեդալն ստանում է իր աշխատանքի համար: Իսկ դիտարկմանն՝ արդյո՞ք մեդալ ստանալու գործում դեր չի խաղացել հայրը՝ Հրազդանի ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը, նախարարը պատասխանել է. «Պաշտոնյայի երեխան իրավունք չունի՞ մեդալակիր լինելու: Եթե պաշտոնյայի զավակ լինելը դեր է ունեցել, ուրեմն պետք է մեղադրել դպրոցի ղեկավարությանը»: