Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում օգոստոսին ներկայացվեց «Խավարում» խորագրով ցուցադրությունը, որը նվիրված էր բոլշևիկյան բռնաճնշումների հայ զոհերի հիշատակին։ Վերջիններիս թվում են նաև ամենայն հայոց բանաստեղծի երեք որդիները:
Ցուցադրությունը, սակայն, որը նախատեսված էր ներկայացնել մինչև ուշ աշուն, փակվել է։
«Զրպարտության հետևանքով ստիպված եղանք հավաքել ցուցադրությունը։ Որոշ մարդիկ դիմել են որոշակի կառույցների և, ենթադրում եմ, որպեսզի գործը գլուխ գա, դիմել են շանտաժի։ Օգոստոսի 26-ին ինձ զանգահարեց 60-70 տարեկան մի փոխգնդապետ (ինքն այդպես ներկայացավ) և խոսեց նույն բառապաշարով, ինչ Կոմունիստական կուսակցության ղեկավարը, ասաց՝ ձեր ցուցադրությունից դաշնակցական հոտ է գալիս, դու նաև արվամոլների պրոպագանդիստն ես։ Հեռախոսով ինձ վրա գործ սարքեց այդ մարդը»,- ասել է թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը՝ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում։
Այս կապակցությամբ նաև Factor.am-ն է զրուցել Նարինե Թուխիկյանի հետ․
-Տիկին Թուխիկյան, ո՞վ էր Ձեզ զանգահարողը, կարողացա՞ք պարզել։
-Ես չեմ հիշում այդ մարդու անունը, բայց վստահ էլ չեմ, որ իր անունով ներկայացավ, այլապես կարող էր գալ, անձնապես ներկայանալ և իր բողոքը հայտնել ցուցահանդեսի կապակցությամբ։ Եթե իր համար հաճելի է, որ Թումանյանի երեք զավաներին սպանել են, որ նրանք բռնաճնշման զոհ են դարձել, դա ուրիշ հարց։ Բայց ինքը պետք է գար, ներկայանար, այնինչ այդպիսի զրպարտիչները սովորաբար շատ վախկոտ մարդիկ են լինում։ Այդ ահաբեկումներից հետո կարգադրվեց ցուցադրությունը հավաքել։ Ես չգիտեմ՝ իրենք ում են դիմել։ Մեզ ասվեց, որ ցուցահանդեսը պետք է հավաքվի։
-Իսկ ո՞վ կարգադրեց։
-Իմ գործատուները։
-Նկատի ունեք՝ Մշակույթի նախարարությո՞ւնը։
-Իհարկե։ Չար զրպարտությամբ հասան չգիտեմ ուր։ Ես չգիտեմ՝ իրենք ուր են դիմել։ Եվ ում որ դիմել են, նրանք էլ, բնականաբար, իմ գործատուին են տեղեկացրել, ես վստահ եմ, որ դա եղել է այդ մարդկանցից՝ զրպարտիչներից ազատավելու միջոց։ Գիտեք՝ զրպարտիչներն ինչ կպչուն երևույթներ են։ Ես այդպես եմ ենթադրում, ես ոչինչ չգիտեմ։
-Կա մեկնաբանություն, որ սա այսօրվա բոլշևիկների արածն է, համաձա՞յն եք։
-Իհարկե, ուրիշ տարբերակ չկա, ոչ թե բոլշևիկների, այլ այդ որակի, Թումանյանի տղաներին սպանող որակի բոլշևիկների արածն է։ Չի վերացել այդ որակը։ Հիմա միջավայրը հարմար չէ իրենց, և իրենք փորձում են անընդհատ այդ միջավայրը ստեղծել, իսկ եթե լինում են քայլեր, որոնք այդ միջավայրը մերկացնում են, այսպես է լինում, դա նորմալ է։ Սրիկաների մնացուկներն ամեն կերպ փորձում են ամեն լուսավոր բան սևացնել։ Համենայն դեպս, այս ամենը հակառակ էֆեկտ ունեցավ, և արդյունքում մեծացավ ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրությունը։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև՝ Իրենց երիտթուրքական ձևերով, երիտասարդներին կքեցնելով՝ դատարկում են երկիրը. Նարինե Թուխիկյան