▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի զինուժը կիրառել է «Սպայկ» հրթիռներ և ականանետեր, պատասխանը լինելու է ցավոտ. Արցախի ՊԲ

 

Հոկտեմբերի 22-ին, Ադրբեջանի զինված ուժերը խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Ժնեւում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ եւ «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ:

Արցախի պաշտպանության նախարարությա տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.

«Կատարվածը փաստում է, որ, ինչպես միշտ, Բաքուն ոչ միայն հակված չէ ձեռքբերված պայմանավորվածությունը նպատակաուղղել հակամարտության խաղաղ կարգավորմանն ու չարդարացված կորուստների բացառմանը, այլեւ հակառակը՝ կանխամտածված սադրանքների միջոցով գնում է իրադրության ապակայունացմանը:

Հաշվի առնելով միջազգային հանրության եւ, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ադրբեջանա-արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը, Արցախի զինված ուժերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից: Սակայն դա ամենեւին չի նշանակում, որ դեպքերը նման տրամաբանությամբ զարգանալու պարագայում հակառակորդի նախահարձակ գործողությունները մնալու են անպատասխան:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ամենայն պատասխանատվությամբ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությանն զգուշացնում է, որ սադրանքները շարունակվելու դեպքում պատասխանը լինելու է անհամարժեք եւ բավականին ցավոտ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին